Դեպի «Եվրատեսիլ» . քիչ էր մնում՝ հաղթեր Կամիլը

Պրոֆեսիոնալ միջազգային ժյուրին ամենացածր գնահատականը շնորհեց Մհերին, իսկ 2 միավոր տվեց Կամիլին, թեև հեռուստադիտողի քվերակության արդյունքներով Կամիլը 10 միավոր հավաքեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Մայիսին «Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու համար Հայաստանից Պորտուգալիա կմեկնի Սևակ Խանաղյանը: Երևանում փետրվարի 25-ին կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հայաստանյան եզրափակիչ համերգը, որում «Եվրատեսիլի» ուղեգրի համար մրցեցին Սևակ Խանաղյանը, Կամիլը, Հասմիկ Շիրոյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Մհերը, «Նեմրա» խումբը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը և Լուսինե Մարդանյանը:

Հրեշը և գեղեցկուհին. հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը՝ իր «Քամի» ստեղծագործությամբ: Հենց նա միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում միջազգային երգի մրցույթի ուղեգիր ստացավ`հավաքելով 24 միավոր:

Պրոֆեսիոնալ միջազգային ժյուրին ամենացածր գնահատականը շնորհեց Մհերին, իսկ 2 միավոր տվեց Կամիլին, թեև հեռուստադիտողի քվերակության արդյունքներով Կամիլը 10 միավոր հավաքեց՝ դառնալով մրցույթի հաղթողի հավանական թեկնածու: Բայց Սևակ Խանաղյանն իր ստացած 12 միավորով նրանից առաջ անցավ:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել փետրվարի 19-ին, երկրորդը՝ փետրվարի 22-ին: «Եվրատեսիլ 2018»-ը կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին: