ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի —Sputnik. Հայաստանը մտադիր է իր առողջարաններն առաջարկել Ռուսաստանի` սոցիալական ապահովագրության հիմնադրամից օգտվող քաղաքացիներին։ Այդ առաջարկները կներառվեն զբոսաշրջային փաթեթներում։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, վերջերս նա այդ գաղափարը ներկայացրել է զբոսաշրջության Ռուսաստանի Դաշնային գործակալությանն ու Ռուսաստանի առողջապահության նախարարությանը։
Ռուս գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկելու այդ գաղափարը։ Օրեր առաջ այն ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Հյուրանոցների և հանգստյան տների մակարդակը մեզ մոտ համապատասխանում է ռուսական կողմի ներկայացրած չափանիշներին։ Տարբեր գնային առաջարկներ ևս կան։ Իսկ բնական պայմանների մասին և մեր մրգերի ու բանջարեղենների մասին խոսելն ավելորդ է», — նշեց Ասոյանը։
Ռուսաստանում սոցիալական ուղեգրերը տրամադրվում են սոցիալական ապահովագրման հիմնադրամի կողմից անապահով քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան վերականգնել իրենց առողջությունը։
Այժմ հայ չինովնիկները պետք է համոզեն ռուսական կողմին, որ ծիրանի և լոլիկի համը փորձելու համար արժե վճարել իր քաղաքացիների ուղևորությունների համար դեպի այլ երկիր։
Վիճակագրական տվյալների համաձայն` 2017 թվականին մոտ 1.5 մլն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ Նրանց մոտ 40%-ը Ռուսաստանից են։ Զբոսաշրջիկների հոսքը վերջին տարվա ընթացքում աճեց, երբ 2017 թվականի փետրվարի 23-ից ռուսաստանցիների մուտքը Հայաստան հնարավոր դարձավ իրականացնել ներքին անձնագրերով։
Նշենք, որ Skyscanner զբոսաշրջային որոնողական համակարգի տվյալներով` Հայաստանը մատչելիության առումով ռուսաստանցիների նախընտրած հինգերորդ զբոսաշրջային երկիրն է։ Այստեղ երկու շաբաթ անցկացնելու համար հարկավոր է վճարել 85,5 հազար ռուբլի։