Նելլի Դանիելյան, Sputnik.
Գառնու ձորում գտնվող քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի պահպանման մասին ՀՅԴ անդամ երկու նախարարներ տարբեր կարծիքներ ունեն։
Եթե բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ հուշարձանի պահպանման ռեժիմը խստացնելու համար այն պետք է հանձնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, ապա տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարում է, որ դեմ չէ հսկողության ուժեղացմանը, բայց դեմ է համայնքի` եկամուտներ ստանալու հնարավորությունների կրճատմանը։
Հուշարձանն արգելոցին հանձնելու միտքը նոր չէ։ Այն դեռևս 2005թ.-ին առաջ էր քաշել բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը։ Այդ ժամանակ հնչեցին նաև առաջին ահազանգերը «Բազալտե երգեհոնի» քարերն առանձնատների շինարարության մեջ օգտագործելու վերաբերյալ։ Ժամանակին նույնիսկ քրեական գործեր հարուցվեցին։ Բայց ինչպես հարուցվեցին, այնպես էլ կարճվեցին` ապացույցների անբավարարության հիմքով։ Բնապահպան-ակտիվիստների ներկայացրած տեսա և լուսանկարահանումները չբավարարեցին իրավապահներին։ Հուշարձանը քանդելու ու քարերը գողանալու համար երբևէ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, չնայած որ ահազանգերի պակաս չի եղել։
Անցնող շաբաթ` փետրվարի 21-ին, հուշարձանի նկատմամբ ոտնձգության նոր փաստեր հրապարակվեցին։ Թե որքանով այս անգամ դրանք «բավարար ապացույց» կհամարվեն, առաջիկայում պարզ կլինի, իսկ մինչ այդ տեղի ունեցածը հանրային լայն քաննարկման առարկա է դարձել։
Հիշեցնենք, սոցիալական կայքերում լուսանկարներ էին հրապարակվել, որոնք վկայում են հուշարձանի տարածքում իրականացվող շինարարության մասին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այդտեղ նախատեսվում էր սրճարան կառուցել` տուրիստական սեզոնին այդ հատվածում զբոսաշրջիկների աշխուժությունը ապահովելու նպատակով։
Իրականում տուրիստական սեզոնին ընդառաջ Գառնիում դրա փոխարեն բոլորովին այլ շինարարություն պետք է ընթանար։ Գառնու ձորի բնության հուշարձանների պահպանության ու խնամքի համար Համաշխարհային բանկը մեկ տարի առաջ ՀՀ կառավարությանը մոտ 2 միլիոն դոլար է տրամադրել։ Այդ գումարը նախատեսված էր գյուղից ձոր և ձորից Խոսրովի անտառ տանող ճանապարհները բարեկարգելու, սալիկապատելու և լուսավորելու համար:
Մեր հարցին, թե ինչու շինարարական աշխատանքներն առ այսօր չեն մեկնարկել, Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ ծրագիրը կուշանա, բայց կիրագործվի։
«Այսօր Գառնիի տաճարի շրջակայքի բարեկարգման պիլոտային ծրագիրն է իրականացվում։ Քննարկվում է ճանապարհային հանգույցների խնդիրը` երեք տարբերակներով։ Այնպես որ ծրագիրն ընթացքի մեջ է»,- վստահեցրեց նա։
Ի դեպ, երբ Գառնին բարեկարգելու համար ՀՀ իշխանություններին Համաշխարհային բանկիի կողմից գումար հատկացրեցին, որպես հիմնավորում նշվում էր, որ այն դառնալու է զբոսաշրջիկների համար հարմարավետ ու հաճելի հանգստավայր:
Բայց մինչ կառավարությունը զբաղված է ծրագրի հստակեցմամբ, ինչ-որ գործարար, փաստորեն, որոշել է իր պատկերացմամբ Գառնին գրավիչ ու հարմարավետ դարձնել` զբոսաշրջիկների համար հենց հուշարձանի տարածքում սրճարան կառուցելով` օրինական, թե ոչ, սա շուտով թերևս կիմանանք։