Ընդմիշտ «Արարատի» ավագ կամ ինչո՞ւ Խուրցիլավան Զանազանյանի ձեռքը չսեղմեց

Հայկական ֆուտբոլի լեգենդ, երևանյան «Արարատի» կիսապաշտպան ու ավագ Հովհաննես Զանազանյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինն էր, որին հաջողվեց բարձրացնել ԽՍՀՄ գավաթը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը վերհիշում է «Արարատի» հաղթանակներից մեկը և Զանազանյանի պատասխանը «Բավարիայի» ավագին։
Sputnik

Հովհաննես Զանազանյանը ծնվել է Աթենքում, հայրը ֆուտբոլ էր խաղում տեղի «Ապոլոնում»։ Նրանց ընտանիքը պատերազմից հետո հայրենադարձվածներից էր, տեղափոխվել էին Հայաստան ու հաստատվել այստեղ։ Երևանում Հարություն Զանազանյանը գործարաններից մեկի թիմում էր խաղում, իսկ 13 տարեկան տղային ուղարկել էր «Սպարտակի» ֆուտբոլային դպրոց։

«Արարատի» լեգենդ Պողոսյանը. կոտրել են ոտքը, քիթը, իսկ նա մարզչին ուղարկել է գրողի ծոցն ու հեռացել

1973 թվականին Կիևի «Դինամոյի» հետ խաղից առաջ մարզչական խորհուրդը ֆուտբոլիստների կազմն էր որոշում։ Առանձնապես տագնապալի էր թիմի ավագի, կարևորագույն խաղացողի` Հովհաննես Զանազանյանի վիճակը, որը երկու ոտքի լուրջ վնասվածքներ ուներ։ Մարզիչները նայում էին բժիշկներին, բժիշկները` մարզիչներին, ու ոչ ոք չէր համարձակվում պատասխանատվություն վերցնել։ Ամեն ինչ որոշեց Զանազանյանի հայացքը։ Մարզիչներին և բժիշկներին ուղղված աչքերն ասացին ավելին, քան կարող էր ասել ցանկացած ճառը։

Նա 1973 թվականի հոկտեմբերի 10-ին վնասված ոտքերով դաշտ դուրս եկավ ու խաղաց հիմնական ժամանակի 90 րոպեն ու լրացուցիչ կես ժամը։ Իսկ հետո Լուժնիկիում բարձրացրեց երկրի գավաթը, որը հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինն էր։ Զանազանյանն այդ գավաթը նվաճեց, բնականաբար, բոլորի հետ։ Ինչպես Մյունխենի օլիմպիական բրոնզը մեկ տարի առաջ ԽՍՀՄ հավաքականի կազմում։

Նա արդեն երկու տարի է` մեզ հետ չէ. երկար ու ծանր հիվանդություն տարավ, կյանքից հեռացավ 69 տարեկանում։ Զանազանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչն էր, Հայաստանի հասարակական խորհրդի անդամ և, իհարկե, չափազանց հետաքրքիր զրուցակից` յուրօրինակ հումորի զգացումով։ Նա վետերանների ցանկացած միջոցառման ուշադրության կենտրոնում էր։

Խստապահանջ ու բարդ բնավորությամբ մարզիչը. ինչո՞ւ էր Արկադի Անդրեասյանը ստացել «հզոր» մականունը

«Արարատի» համար ամենասկզբունքային հակառակորդը «Դինամոն» էր, բայց ոչ թե Կիևի, ինչպես կարող է շատերին թվալ, այլ Թբիլիսիի։ Հաղթանակներ ու պարտություններ եղել են, նույնիսկ վիրավորանքներ են եղել, սակայն Հայաստանի ու Վրաստանի լավագույն թիմերի յուրաքանչյուր խաղը ընկերների հանդիպում էր։ Զանազանյանը հաճախ էր հիշում երկար տարիների մրցակցության ամենավառ դրվագներից մեկը։ Այդ հանդիպումներից յուրաքանչյուրը «դարի խաղի» էր վերածվում։ Այնպես էին պայքարում, ասես այդ 90 րոպեները յուրաքանչյուր խաղացողի անձնական ճակատագիրն էին որոշում։

1971 թվականի խաղաշրջանում, երբ «Արարատը» արծաթե մեդալներ շահեց, երևանցիները 4:0 հաշվով հաղթեցին թբիլիսցիներին։ «Դինամոյի» ավագ Խուրցիլավան այնքան էր վիրավորվել, որ չսեղմեց «Արարատի» ավագի ձեռքը։ Պարզապես կողքով անցավ և ուրիշ կողմ նայեց, թեև Մուրթազն ու Հովհաննեսը հարյուր տարվա ընկերներ էին։ Իսկ թբիլիսցիների ավագ մարզիչ Գավրիիլ Կաչալինն ասաց «Դինամոյի» տղաներն. «Սովորեք` ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ»։

Հենց այդ խաղից հետո ի հայտ եկավ հայտնի անեկդոտը։ ««Արարատը» կարո՞ղ է Բրազիլիայի հավաքականին ջախջախել» հարցին հայկական ռադիոն պատասխանում է` կարող է, եթե Թբիլիսիի «Դինամոն» Բրազիլիայի հավաքականի համազգեստը հագնի։

1947 թվականի մարտին աշխարհի չեմպիոն Ֆրանց «Կայզեր» Բեկենբաուերը` «Բավարիայի» ավագը, որը տպավորված էր «Հրազդան» եկած հանդիսատեսի քանակից, իր երևանյան գործընկեր Զանազանյանին երկյուղով առաջարկեց ոչ-ոքի խաղալ Եվրոպայի չեմպիոնների քառորդ եզրափակչի պատասխան խաղում։ «Խաղում ենք «զրոյով» ու գնում տներով, լա՞վ», — հարցրեց Բեկենբաուերը։ Ընդ որում, Կայզեր Ֆրանցը երևի կարծում էր` հայերը իսպանալեզու են, դրա համար Զանազանյանին «ամիգո» անվանեց։ Զանազանյանը հրաժարվեց ու հաղթեց այդ խաղում։ Բնականաբար, թիմի հետ։

Միայն նրա ներկայությունը դաշտում վստահություն էր ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նա իսկական ավագ էր, փորձառու ու հմուտ, որը չէր կարողանում հանձնվել ու սովորել էր արժանապատվորեն պարտվել։ Իսկ հաղթանակները տոնում էին ամբողջ թիմով, չնայած` ի՞նչ թիմով, ամբողջ հանրապետությունով, ամբողջ ժողովրդով։

Հովհաննես Զանազանյանը ԽՍՀՄ արծաթե մրցանակակիր ու չեմպիոն է, ԽՍՀՄ գավաթի կրկնակի հաղթող, Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր։ Ամբողջ Հայաստանի ավագ։