Մեդվեդևա–Բաբասյանի ու Զագիտովայի մարզիչն ասել է` ինչն է խանգարում գեղասահորդուհիներին

Երկուսն էլ ուշադրության պակաս չունեն, նրանց միայն բամբասանքներն են խանգարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Եվգենյա Մեդվեդևային ու Ալինա Զագիտովային բավարար ուշադրություն են դարձնում, աղջիկներին միայն բամբասանքներն են խանգարում։ Փհենչհանում ՌԻԱ Նովոստիի թղթակից Անդրեյ Սիմոնենկոյի փոխանցմամբ` մարզիկների մասին խոսել է նրանց մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբի մարզիչ-պարուսույց Դանիիլ Գլեյխենգաուզը։

«Մեր խմբում ամեն ինչ հիանալի է։ Միակ բանը, որ մեզ խանգարում է, մեր մասին պարբերաբար տարածվող բամբասանքներն են։ Վստահեցնում եմ` մարզիչները երկու աղջիկներին էլ բավարար ուշադրություն են հատկացնում»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է Գլեյխենգաուզը։

Ալինա Զագիտովան այս ուրբաթ կանանց մենասահքի օլիմպիական չեմպիոն է դարձել, իսկ աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան արծաթե մեդալ է նվաճել։

15-ամյա մարզիկը 239,57 միավոր է ստացել, իսկ Մեդվեդևան` 238,26։ Ելույթից հետո Մեդվեդևան չի կարողացել զսպել արցունքները։

Ռուս գեղասահորդուհիների հաղթարշավը. ոսկին` Զագիտովային, արծաթը` Մեդվեդևա–Բաբասյանին

Գլեյխենգաուզը կարծում է, որ Մեդվեդևան արժանի է երկրորդ ոսկե մեդալի։

«Օլիմպիական խաղերի պատմության մեջ եղել է դեպք, որ երկու ոսկե մեդալ են տվել Ռուսաստանի ու Կանադայի զույգերին։ Հաշվի առնելով, որ Ալինան ու Ժենյան ազատ ծրագրում նույն արդյունքն են ցույց տվել, ես կառաջարկեի երկրորդ ոսկե մեդալը տալ Ժենյային»,- ասել է մարզիչը։

2018 թվականի օլիմպիադայի ընթացքում Զագիտովայի մեդալը Ռուսաստանի թիմի առաջին ոսկին էր։