Կանադացի վարչապետի պարը ծաղրել են սոցիալական կայքերում

Կանադայի վարչապետը քննադատության դաշտում է հայտնվել Հնդկաստան կատարած այցի ժամանակ անպատշաճ տեսք ունենալու համար։
Sputnik

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հնդկական տարազ է հագել ու պարել է Նյու Դելիում դիվանագիտական ներկայացուցչության միջոցառման ժամանակ։ Տրյուդոն բեմ է դուրս եկել թմբուկների զարկի տակ և սկսել է շարժվել ու ձեռքերը թափահարել։ Օգտատերերից մեկը նույնիսկ կատակել է, որ կանադացի վարչապետն ավելի լավ պարում է, քան երկիրն է կառավարում։

Տրյուդոյի ու նրա ընտանիքի անդամների հնդկական հանդերձանքը տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ է դարձել։ Լրատվամիջոցները գրում են, որ բազում հնդիկների համար այդ հագուստը չափազանց շքեղ էր։

«Միայն ե՞ս եմ մտածում, որ Ջասթին Տրյուդոյի տարօրինակ զգեստը շինծու է ու նյարդայնացնող», — մեկնաբանել է գրող Բհաավնա Արորան։

«Մենք` հնդիկներս, ամեն օր այդպես չենք հագնվում։ Նույնիսկ Բոլիվուդում», — նշել է Օմար Աբդուլան` Ջամմու և Քաշմիրի նախկին գլխավոր նախարարը։