ՌԱԴԻՈ

Բոշյան. «Թրամփի հայտարարությունը հիշեցնում է Ալիևի վարած ներքին քաղաքականությունը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի գործողությունները «խայտառակություն» է անվանել։ Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է այս հայտարարությունը։
Sputnik
Արման Բոշյան

Փորձագետի խոսքով` Թրամփն արդեն որերորդ անգամ հակասում է ինքն իրեն։ Մինչ երկրի նախագահ ընտրվելը նա ուշագրավ հայտարարություններ էր անում, որոնցից մեկն էլ վերաբերում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելուն։ Ընտրվելուց հետո նա դարձավ հսկայական ճնշումների զոհ, և նրան ստիպեցին, որ հակառուսական քաղաքականություն վարի։

«Ելնելով այդ իրավիճակից ու վերլուծությունից` կարող եմ ասել, որ այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես մի մեսիջ` ուղղված ներքին քաղաքական էլիտային։ Այս հայտարարությունն ինձ հիշեցնում է Ալիևի վարած ներքին քաղաքականությունը»,- նշեց Բոշյանը։

Նրա խոսքով` հարց է ծագում, թե ինչու է Թրամփը նման հայտարարություն անում, այն դեպքում, որ իրանական և ռուսական զորքերը օրինական են գտնվում Սիրիայում և վարում են ոչ միայն այդ երկրի, այլև սեփական շահերի պաշտպանության քաղաքականություն։

«Մեծ հարց է`ԱՄՆ-ն որքա՞ն իրավունք ունի գտնվելու օվկիանոսից այս կողմ։ Միացյալ Նահանգներն ամբողջ մոլորակն է հայտարարել իր շահերի գոտի, ինչը նոնսենս է»,- ասաց փորձագետը։

Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանի ու սիրիական իշխանությունների հետ միասին պատասխանատվություն է կրում Սիրիայում մարդասիրական ճգնաժամի համար։ Նա նշել է` այն, ինչ արեցին վերջերս Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, խայտառակություն է։