ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Չնայած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սեփականատերը վերջերս հերթական անգամ հարց բարձրացրեց օդանավակայանի ճարտարապետական գլուխգործոց համարվող կլոր շենքի քանդման աշխատանքներն իր բիզնես պլանում ներառելու մասին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շինությունը մասամբ կպահպանվի։
«Այդ շենքի հետ կապված արդեն տևական ժամանակ է քննարկումներ են ընթանում։ Օդանավակայանի սեփականատերը հայտարարում է այն քանդելու իր մտադրության մասին, իսկ հասարակությունն ու մասնագետները ամեն ինչ անում են շինությունը պահպանելու համար։ Ներդրողների, սեփականատերերի ծրագրերն ու մտադրությունները չեն համընկնում հանրության ցանկությունների հետ, և երկուսի շահերը բախվում են միմյանց»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Ըստ նրա` քանի որ կլոր շենքը հուշարձան չի համարվում, ուստի այն պահպանելու խնդիրը դժվարլուծելի է: Կան շենքեր, որոնք հուշարձան չեն, սակայն քաղաքի պատմության, ճարտարապետության տեսանկյունից արժեքավոր են, և հանրությունը չի ցանկանում կորցնել դրանք: Այդ հարցը զարգացած երկրներում կարգավորվում է օրենքով, իսկ Հայաստանում այդպիսի կարգավորում չկա, օրենք գոյություն չունի: Եվրոպական երկրներում համայնքը, քաղաքը` հանձին քաղաքային իշխանության, որոշում է կայացնում այս կամ այն շինությունը պահպանելու մասին` չնայած այն հուշարձան չէ, և համայնքն իր բյուջեով ստանձնում է այդ շենքի պահպանությունը: Պաշտոնյայի հավաստիացմամբ` դա մեզ համար իրատեսական չէ` նախ օրենք չկա, իսկ հետո էլ քաղաքային բյուջեն չի բավարարի նման նախաձեռնության համար: Շենքի պահպանությունը, նաև շահագործումը որևէ նպատակով մեծ ծախսեր է պահանջում։
«Բայց ճարտարապետների ջանքերով հնարավոր եղավ փրկել շենքի որոշակի մասը: Երկար բանակցություններից հետո ի վերջո հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել սեփականատիրոջ հետ աշտարակը և դրա շուրջ փոքր օղակաձև ծավալը պահպանելու մասին: Մնում է մեծ օղակաձև հատվածը պահպանել, որն իրենց բիզնես ծրագրով ցանկանում են քանդել»,- հավելեց կոմիտեի նախագահը:
Նրա տեղեկացմամբ` քննարկումները կշարունակվեն, հայ ճարտարապետները և կոմիտեն ջանքեր են գործադրում նաև մեծ օղակը պահելու, որպեսզի շինության ամբողջական հորինվածքը չաղավաղվի: