«Քարերի սիմֆոնիայի» տարածքում կառուցվող շինությունը պետք է սրճարան դառնար

Ո՞վ պատասխան կտա Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում ծավալված շինարարության համար։ Այս մասին խոսել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Եթե Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կառուցվող շինությունն ապօրինի է, դրա համար պետք է պատասխանատվություն կրեն համապատասխան մարմինները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` հավելելով, որ հարցն ուսումնասիրելու ցուցում է տվել Կոտայքի մարզպետին ու Գառնիի գյուղապետին։

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում շինարարությունը կասեցվել է

Իսկ մինչ այդ նախարարն արդեն ճշտել է` Գառնու գյուղապետը շինարարության թույլտվություն չի տվել։

«Այդ տարածքում առանց թույլտվության շինարարություն իրականացնելն, իհարկե, ինձ համար ընդունելի չէ, և համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն»,- ասաց նա` նշելով, որ դրանում մեղավոր են և՛ համայնքի ղեկավարը, և համապատասխան տեսչությունները, որոնք այն նկատել են արդեն կառուցումից հետո։

Նախարար Լոքյանը նաև հայտնեց, որ շինությունը պետք է սրճարան դառնար և նախատեսված էր հուշարձանի այցելուներին սպասարկելու համար։

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերն ահազանգել էին Գառնու կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» մոտ շինարարական աշխատանքների մասին` տարածելով դրանք ապացուցող լուսանկարներ։

Շինարարության մասին ահազանգը ստանալուց հետո Բնապահպանական տեսչության աշխատակիցները մեկնել են տարածք և կասեցրել շինաշխատանքները։