Եվրոպական հանրությունը շատ դժգոհ է Թուրքիայի իշխանության գործողություններից

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը Նիդեռլանդների խորհրդարանի կողմից մի քանի տարի առաջ Եվրոպայում ձևավորված «թրենդի» հերթական դրսևորում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Այն փաստը, որ Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, վկայում է Թուրքիայի ու Եվրամիության միջև առկա խորը հակասությունների մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատը հաստատել է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Ստորին պալատի պատգամավորները գրեթե միաձայն ընդունել են այն` 142 ձայնի առավելությամբ։

Նիդեռլանդցիները Ցեղասպանության ճանաչման միջոցով Թուրքիային պատին դեմ տալու միջոց են գտել
  

Սաֆրաստյանի խոսքով` եվրոպական հանրությունը շատ դժգոհ է Թուրքիայի իշխանության գործողություններից։ Եվրոպացիներին բարկացրել են թուրքական կառավարության զանգվածային ճնշումները սեփական քաղաքացիների ու անկանխ ԶԼՄ-ների նկատմամբ։

«Արտաքին քաղաքական ասպարեզում Անկարայի մի շարք արկածախնդիր գործողություններն ամենևին չեն նպաստում նրան, որ եվրոպական քաղաքական կառույցները համակրանք տածեն այդ երկրի հանդեպ», — ասում է նա։

Նիդեռլանդների խորհրդարանում քվեարկությունը որոշակի «թրենդի» դրսևորում էր, որը ձևավորվել է Եվրոպայում մի քանի տարի առաջ։ 2015 թվականի ապրիլին Եվրախորհրդարանն ընդունեց մի բանաձև, որով հաստատեց, որ ճանաչում ու դատապարտում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը։ Այդ գործընթացի շարունակությունը գերմանական Բունդեսթագի կողմից նմանատիպ փաստաթղթի ընդունումն էր։ 

Իսկ հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն անհրաժեշտ է ներառել Ֆրանսիայի ազգային օրացույցում, ինչպես նաև վերսկսել խորհրդարանում ցեղասպանությունը ժխտելու քրեականացման մասին օրինագծի քննարկումը։ Սաֆրաստյանը կարծում է, որ դրանք բոլորը նույն շղթայի օղակներն են։
Միաժամանակ փորձագետը կարծում է, որ ընդունված բանաձևերը դժվար թե լուրջ քաղաքական քայլերի դրդեն, օրինակ` Անկարայի վրա քաղաքական կամ որևէ տնտեսական ճնշում գործադրելու։

Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա երեսպաշտություն է. իտալական և լեհական ԶԼՄ

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։