ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Նրանք, ովքեր տասը տարի առաջ հրամայել էին Երևանի կենտրոնում կրակ բացել մարդկանց ուղղությամբ, մինչև այսօր չեն պատժվել։ Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ լսումների ժամանակ այս մասին ԱԺ-ում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ներկայացրեց խմբակցության կազմած հայտարարության նախագիծը։ Հայտարարության մեջ մտահոգություն են հայտնում ընտրությունները կեղծելու և ընտրողների կամարտահայտումը խախտելու վերաբերյալ։
«Մարդկանց մահվան մեղավորները պետք է պատժվեն, իսկ ընդդիմադիրների վերաբերյալ քաղաքական դատավճիռները` չեղյալ հայտարարվեն», — հայտարարեց Փաշինյանը։
Այնուհետև նա ամբիոնի մոտ հրավիրեց Սարգիս Քլոյանին` մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հորը։
«Մարտի 1» կազմակերպությունը, որի հիմնադիրներից մեկը նա է, մինչև օրս պահանջում է պատժել մեղավորներին։
Քլոյանի հայրն ասաց, որ իրավապահ մարմինների ղեկավարների խոսքերում անհարգալից վերաբերմունք է նկատվում զոհվածների ընտանիքների և ամբողջ հասարակության նկատմամբ։
«Գևորգ Կոստանյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը, հայտարարում էր, որ ականատեսների կեսը մոռացել է մանրամասները, իսկ մյուս կեսը մեկնել է երկրից։ Իսկ Գրիգոր Գրիգորյանը, որն այն ժամանակ ոստիկանական զորքերի հրամանատարն էր, այսպես բացատրեց ներքին գործերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահը. ոստիկանական շարասյունները ճեղքելով` նրա մոտ հասավ մի ակտիվիստ ու կրակեց նրան, իսկ հետո նույն ձևով հետ փախավ։ Նրան գտնել «չհաջողվեց» ոչ այն ժամանակ, ոչ էլ հետագայում», — հայտնեց Քլոյանը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ բացեցին։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։
Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհներից մի քանիսն անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով պատիժը կրեցին բանտում։ Նրանց թվում էին նաև Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, որոնք ավելի ուշ պատգամավոր ընտրվեցին։