Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ապագա հնարավոր վարչապետին հրավիրել է Հայաստան

Գախարիան Վրաստանում ազդեցիկ քաղաքական գործիչ է, հենց նրան են կանխատեսում այդ երկրի վարչապետի պաշտոնը։ Այժմ նա զբաղեցնում է նաև փոխվարչապետի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Փետրվարի 23-ին Հայաստան կայցելի Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան` իր ղեկավարած պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Վրաստանի ՆԳ նախարարը Հայաստան կայցելի ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրավերով։ Հրավերը Գախարիային է փոխանցել Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը նրա հետ հանդիպման ժամանակ։

Նալբանդյանը կմեկնի Թբիլիսի

Գախարիան Վրաստանի քաղաքական շրջանակներում բավականին ազդեցիկի գործիչ է։ Փոխվարչապետը մտերմիկ հարաբերությունների մեջ է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլու հետ։ Փորձագետները կանխատեսում են, որ հենց նա կդառնա Վրաստանի մինիստրների կաբինտի ապագա ղեկավարը։ Նախկինում նա զբաղեցրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը։

Գախարիայի այցը Հայաստան ներքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը կլինի։ Վերջին անգամ Վրաստանի ՆԳ ղեկավարը Հայաստան է այցելել 2016 թվականին, այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Գեորգի Մգեբրիշվիլին։ Այցի շրջանակում կողմերը համաձայնագիր են ստորագրել «Հայաստանի և Վրաստանի ոստիկանական համակարգերի միջև համագործակցությունը խորացնելու» վերաբերյալ։ 2017թ. պատասխան աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։