Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին մասնակցի ելույթը. սպասելիքներ և արդյունքներ

Փհենչհանի օլիմպիական խաղերում մեր վերջին մասնակիցն այսօր ավարտեց իր ելույթը։
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Հայաստանի օլիմպիական թիմը ավարտեց իր ելույթները Փհենչհանի օլիմպիական խաղերում: Մեր վերջին ներկայացուցիչը՝ Աշոտ Կարապետյանն, այսօր լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցումներում զբաղեցրեց 42-րդ տեղը:

Ոլորավայրէջքի մրցումներին մասնակցում էին 107 մարզիկ, ոչ բոլորին հաջողվեց հատել վերջնագիծը: Նրանք, ովքեր պայքարում էին մեդալի համար, ռիսկի դիմեցին ու դուրս մնացին մրցաշարից:

Կանանց պայքարի հմայքը. Օլիմպիական խաղեր, օր 7-րդ

Լեռնադահուկային սպորտի կարևոր գաղտնիքներից մեկն այն է, որ մասնակիցները ծանոթ չեն մրցուղուն: Մարզումներն անցկացվում են լրիվ այլ մրցուղու վրա: Բացի այդ, առաջին մեկնարկից հետո  կազմակերպիչները փոխում են դարպասները` հերթական անակնկալ մատուցելով մասնակիցներին: Վստահ կարելի է ասել, որ մեր լեռնադահուկորդը կատարեց նվազագույն առաջադրանքը` երկու մեկնարկներում էլ հասնելով ու հատելով վերջնագիծը: Դրա համար նա զգուշություն դրսևորեց:

Մրցումների առաջին մեկնարկին մասնակցած 107 լեռնադահուկորդից վերջնագծին հասան 52-ը, իսկ Աշոտ Կարապետյանը այդ ցուցակում 50-րդ տեղում էր` առաջ անցնելով միայն ԿԺԴՀ-ի երկու մասնացներին: Երկրորդ մեկնարկի գլխավոր անակնկալն այն էր, որ մրցումների առաջատար նորվեգացի Հենրիկ Քրիստոֆերսենը չկարողացավ անցնել մրցուղին ու դուրս մնաց: Իսկ Աշոտ Կարապետյանը երկրորդ մեկնարկում էլ հասավ վերջնագծին, բայց հայ մարզիկի վերջնական արդյունքը 42-րդ տեղն է: Ընդ որում` երկրորդ մեկնարկում էլ եղան մի քանի մարզիկներ, որոնք չհասան վերջնագիծ ու ստացվեց այնպես, որ մեր լեռնադահուկորդը նախավերջին տեղը զբաղեցրեց:

Այն, որ Կարապետյանը երկու մեկնարկներում էլ հատեց վերջնագիծը, լավ արդյունք է արդեն, համենայնդեպս` մեզ համար: Սակայն նշենք, որ կային մարզիկներ, որոնց մեր լեռնադահուկորդը կարող էր շրջանցել: Ուզբեկստանի, Կոսովոյի, Ղրղըզստանի և նման երկրների մարզիկներին կարելի էր հաղթել: Ինչևէ, 18 տարեկան մարզիկի համար օլիմպիական խաղերի մասնակցությունը մեծ փորձ է:

1 / 3
Աշոտ Կարապետյանի ելույթը Փհենչհանում
2 / 3
Աշոտ Կարապետյանի ելույթը Փհենչհանում
3 / 3
Աշոտ Կարապետյանի ելույթը Փհենչհանում

«Կարծում եմ վատ չէր, որ կարողացա արդյունք ցույց տալ, թեկուզ և` ոչ այնքան բարձր: Բայց եթե հաշվի առնենք, որ 107 մասնակից կար, 42-րդ տեղը համարում եմ լավ արդյունք: Դեռ 18 տարեկան եմ, և մարզական կյանքս առջևում է: Սա փորձ էր, որը ինձ պետք էր ու կօգնի ինձ ապագայում» – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Փհենչհանում Հայաստանը ներկայացնում էին դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, ինչպես նաև լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: