Ինչպես սևանցի հայը Վոլգոգրադում «ձկնային» մագնատ դարձավ

Ենոքյանների ընտանիքն ապագայում ցանկանում է ընդլայնել իր ձկնային տնտեսությունն ու իշխանից բացի նաև թառափի տեսակներ աճեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ծնունդով Սևանից Սամվել Ենոքյանը դարձավ Վոլգոգրադի մարզի Գորոդիշենսկի շրջանի խոշոր ձկնաբույծներից մեկը։ Այդ մասին հայտնում է «Նովոստի Վոլգոգրադա» պարբերականը։

«Սամվելը մեծացել է Կովկասի ամենամեծ լճի` Սևանի ափերին, այնտեղ իշխանը բնական միջավայրում է։ Նա սովորական դարձած դելիկատեսից որոշեց չհրաժարվել նաև Վոլգոգրադում և սեփական գործը սկսեց։ Ձկնկիթը գնեցին Եվրոպայից, այնտեղից էլ կերը բերեցին։ Առաջին ձվադրումից 15 օր անց փոքրիկ ձկները լույս աշխարհ եկան», – գրում է պարբերականը։

Ինչ մանրաձուկ էր կուտակվել Սևանի ափին

Իշխանի աճեցման տնտեսությունը սաղմոնի և իշխանի աճեցման և բազմացման առաջին արտադրությունն է շրջանում։ Այսօր իշխանի ֆերմայում 25 հազար սաղմոն կան, որոնց աճեցրել են իրենց ձկնկիթից։

Ծիածանագույն իշխանի փոքրիկ ձկների առաջին խմբաքանակը երեք տարի առաջ ձվից դուրս եկավ։ Սաղմոնին Սամվելը հետևում էր որդու` Միքայելի հետ միասին։

«Որպեսզի իշխանն իրեն լավ զգա, ավազանում ջուրը սառեցնում են մինչև 15 աստիճան, ձագերին օրական 8 անգամից ոչ պակաս է պետք կերակրել, երբ ձուկը կմեծանա, ապա պետք է անցնել 6-անգամյա սննդակարգին», – մեջբերում է պարբերականը Սամվելի խոսքերը։

Սամվելը խոստովանում է, որ ձկնիկներին պետք է անընդհատ տեսակավորել` մեծերին փոքրերից անջատել, որպեսզի նրանք առանձին սնվեն։

Ապագայում Ենոքյանների ընտանիքն ուզում է ընդլայնել ձկնային տնտեսությունն ու բացի իշխանից նաև թառափի տեսակներ աճեցնել։ Հյուրերի համար տաղավարներ և հանգստյան գոտի կկառուցեն, որպեսզի ձկնորսությունից հետո յուրաքանչյուրը կարողանա համտեսել իր որսը` զմայլվելով մայրենի բնության գեղեցկությամբ։