Վարչապետն առաջարկում է ծախսերը կրճատել, հարկերն ավելացնել

Կառավարության ղեկավարին անհանգստացնում են առողջապահական հաստատությունների սեփականատերերի ֆինանսական աննպատակ ծախսերն ու գործարարների՝ հարկերը թաքցնելու սովորույթը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարության հերթական նիստն այսօր, ձևավորված ավանդույթով, մեկնարկեց ՀՀ վարչապետի հանձնարարականներով:

2017թ-ին 2016-ի համեմատ, Կարեն Կարապետյանի խոսքով, հարկային մուտքերն ավելացել են 125 մլրդ դրամով, բայց սա հնարավորությունների սահմանը չէ: Կարեն Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ հարկային ստվերի կրճատման տեղ դեռ էլի կա, քանի որ որոշ գործարարներ օրենսդրական բացից և հարկային ոչ հստակ սահմանված արտոնություններից օգտվելով՝ խուսափում են հարկերից:

Ապրանքների հարկերը բարձրացրել են, թող աշխատավարձինը ցածրացնեն. ԱԺ փոխխոսնակ

Ուսումնասիրությունները, ըստ վարչապետի, ցույց են տալիս, որ  ստվերի կրճատումը ոչ միայն հարկային, այլև պետական այլ մարմինների դաշտում է, ուստի Կարեն Կարապետյանը հանձնարարեց 7 օրվա ընթացքում ուսումնասիրել և կառավարությանը փոխանցել  առաջարկներ իրավական դաշտի կարգավորման վերաբերյալ:

Մեկ այլ հանձնարարականով Կարեն Կարապետյանն անդրադարձավ առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերին: Նրա խոսքով, թե՛ նոր կառուցվողները, և թե՛ գործողները վերանորոգելիս հաշվի չեն առնվում ժամանակակից նորմերը:

«Մենք կառուցում ենք հաստատություններ, որոնց ծախսերի տակից դուրս գալն անհնար է՝ ընդհանուր օգտագործման լայն տարածքներ, բարձր առաստաղներ, որոնք տաքացնելն ուղղակի անհնար է»,- ասաց վարչապետը:

Հայաստանում վերջին նորմերն ընդունվել են 1998թ-ին ու այլևս չեն արդիականացվել:

Վարչապետը հանձնարարեց քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին 2 ամսվա ընթացքում ուսումնասիրել խնդիրն ու առաջարկել լուծումներ: