Հայաստանի նախագահն անօդաչու թռչող սարքերի ուսումնական կենտրոնն է բացել

Կենտրոն–լաբորատորիայում կարելի է հետևել ուսումնական մոդելների թռիչքին` մեկ միլիմետրի ճշգրտությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացմանը, և հենց ինքն էլ առաջինը պաշտոնապես մուտք է գործել կենտրոն։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենտրոնում հանրապետության ղեկավարը զննել է նախագծման և հաշվարկների համար հզորությունները, ինչպես նաև ուսումնասիրել թռչող սարքերի համար նախատեսված տաղավարը։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване
Ուղեղների որս. Ռոսատոմը փնտրում է Հայաստանի տաղանդավոր աշակերտներին

Նոր կենտրոնում կարելի է մեծ ճշգրտությամբ հետևել, թե ինչպես է մեքենան ենթարկվում հրահանգներին և ինչպես է տեղաշարժվում նախանշած կորդինատներով` միլիմետրի ճշգրտությամբ։

Սարքերի համար ոչ միայն հեռակառավարման վահանակներ են ստեղծվել, այլև վերահսկողության ուլտրակարմիր հաղորդիչների համակարգ։ Վահանակն արձակում է ինֆրակարմիր ճառագայթներ, իսկ թռչող սարքն արտացոլում է դրանք։ Այդ արտացոլանքով կարելի է հետևել ամբողջ սարքի և դրա յուրաքանչյուր մասի տեղաշարժին։

«Այստեղ կարելի է մեծ ճշգրտությամբ ստուգել, թե ինչպես է մեքենան հրահանգներ կատարում և ըստ այդմ` կատարելագործել այն», — բացատրեց կենտրոնի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Օլեգ Գասպարյանը։

Կենտրոնի խորհրդատուն է հայազգի ամերիկաբնակ պրոֆեսոր, Իլինոյսի համալսարանի նախագծող Նաիրա Հովակիմյանը, ով ստանձնել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի խորհրդատվության ապահովման և աջակցության գործը:

Նշենք, որ ինֆրակարմիր հսկողության համակարգը նոր չէ թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում. մեզանում մասնավոր կլինիկաներից մեկում այն օգտագործում են օրթոպեդիկ նպատակներով։

Այսուհետ այն կսկսեն օգտագործել նաև ուսանող-ինժեներները` իրենց առաջին քայլերը կատարելով և տարիներ անց հայ անօդաչու սարքերն այդ տեխնոլոգիայի միջոցով ավելի կատարելագործելով։