Ամերիկացիներն ընդունել են Իրաքում և Սիրիայում ավելի քան 800 խաղաղ բնակչի մահվան փաստը

«Անդրդվելի վճռականություն» գործողության մեկնարկից ի վեր 841 խաղաղ բնակիչ է սպանվել կոալիցիայի հարվածների հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ԱՄՆ-ն ընդունել է Իրաքում և Սիրիայում կոալիցիայի ավիահարվածների հետևանքով ավելի քան 800 խաղաղ բնակիչների մահվան փաստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմնվելով հասանելի տեղեկատվության վրա` գործողության միացյալ շտաբը կարծում է, որ 841 խաղաղ բնակիչ ոչ կանխամտածված սպանվել է կոալիցիայի հարվածների հետևանքով «Անդրդվելի վճռականություն» գործողության մեկնարկից ի վեր», — նշված է հայտարարությունում, որը մեջբերում է գործակալությունը։

Խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին 485 հաղորդագրություններն առայժմ ուսումնասիրվում են։

Հունվարի վերջին կոալիցիան հաղորդել է գործողության սկսվելուց ի վեր 830 խաղաղ բնակչի մահվան մասին։

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները 2014թ-ի օգոստոսից Սիրիայում ու Իրաքում գործողություն են իրականացնում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, միաժամանակ Սիրիայում նրանք գործում են առանց պաշտոնական Դամասկոսի համաձայնության։