Տրանսպորտի ոլորտը հայ և ռուս նախարարների ուշադրության կենտրոնում է

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Մաքսիմ Սոկոլովին և անդրադարձել երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության առկա իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:

Ռուսաստանցիներին Կիպրոս են ուզում տանել Երևանով. Մոսկվային դուր է եկել գաղափարը

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության առկա իրավիճակին, հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։

Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին, երկու երկրների միջև կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին, Հայաստանի և Ռուսաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին և դրանցում ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորություններին:

ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը տեղի ունեցավ Երևանում: Նիստի համանախագահներն էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։