Բաքուն նեղսրտել է քննադատությունից և Ֆրանսիային հորդորել է չսատարել Արցախին

Ադրբեջանին դուր չի եկել Ալիևի հասցեին հնչած քննադատությունը, որի պատճառը Հայաստանի վերաբերյալ տարածքային հավակնությունների վերաբերյալ հայտարարությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Պաշտոնական Բաքուն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որը փաստացիորեն քննադատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Ֆրանսիային և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին պետք է լրջորեն անհանգստացնի Հայաստանի անօրինական գործողությունները, այդ թվում գրավյալ տարածքների ժողովրդագրական կառուցվածքի փոփոխությունն ու ադրբեջանական ժողովրդի նյութական-մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացումը»,- Contact.az-ը մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի ասածը։

Նրա խոսքով` Բաքվին անհանգստացնում է այն, որ Ֆրանսիայի շրջանները կապեր են հաստատում Արցախի «անօրինական ռեժիմի» հետ։

Փարիզն արձագանքել է Ալիևի` Երևանի և Զանգեզուրի մասին ասածին. ի՞նչ է ասել Ֆրանսիայի ԱԳՆ–ն

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանն այն մասին, որ Երևանը և Զանգեզուրը «պատմական ադրբեջանական տարածքներ» են։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում մեջբերել են Ալիևի հայտարարությունը, որը նա արել է Բաքվում «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարի ժամանակ։

Ֆրանսիան հայտարարել է, որ լիովին հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Կոչ ենք անում հակամարտության կողմերին բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը», — նշված է հայտարարությունում։

Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։