Երևանյան պայթյունից հետո շենքի բնակիչները դրսում չեն մնա

Երևանի Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունից հետո դեպքի վայրում աշխատում են մասնագետները, Երևանի փոխքաղաքապետը վստահեցնում է, որ եթե շենքի անվտանգության հետ կապված խնդիրներ ի հայտ գան, կլուծեն բնակիչների կացության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համապատասխան մասնագետներ են ժամանել Վրացական փողոց և հետազոտություն են անցկացնում` ստուգելով շենքի կրող կոնստրուկցիայի վիճակը։ Վրացական 10 հասցեում փլուզված շենքի մոտ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Երևանի Վրացական փողոցի բազմաբնակարան շենքում հնչած պայթյունի հետևանքները. տեսանյութ

«Հրավիրվել են համապատասխան մասնագետներ, Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, լիցենզավորված սեյսմիկ հետազոտություն իրականացնող կազմակերպության անդամներ, ստեղծվել է մասնագիտական խումբ, որը փլուզված վայրում պետք է կատարի թե՛ ակնադիտական, թե՛ մասնագիտական հետազոտություն՝ ստուգելու շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, շենքի, միջնահարկերի, աստիճանավանդակի ամբողջ վիճակը»,- ասաց նա:

Պայթյունից տուժել են հարակից շենքներն ու ավտոմեքենաները։ Օրենքով սահմանված կարգով իրականացվում է հետաքննություն, որի արդյունքում կպարզվեն պայթյունի պատճառներն ու հանգամանքները։

Փոխքաղաքապետի խոսքով` ակնադիտական առաջին դիտարկման փուլում խորհուրդ չեն տալիս, որ այս մուտքի բնակիչները շարունակեն ապրել այդ շենքում։

«Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, ուրեմն պետք է փորձենք կարգավորել ժամանակավոր կեցության հարցը՝ բարեկամների մոտ, եթե չունեն դրա հնարավորությունը, մենք վարչական շրջանի աշխատակիցների հետ մի բան կկազմակերպենք, բայց այն դեպքում, եթե հաստատվի, որ անվտանգությունը երաշխավորված չէ»,- ասաց նա:

Արեյանը նշեց, որ շենքի մուտքում 14 բնակարան կա, որոնցից չորսն են վնասվել։ Հիմնական վնասը կրել է այն բնակարանը, որտեղ փլուզում է եղել, վերևի և դիմացի բնակարանները։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները: