Հայկական հնարամտություն. ինչպես փախցրին Եկատերինա II–ի արձանը և թաքցրին Երևանում

Եկատերինա II կայսրուհու արձանը Երևանում հայտնվեց ստալինյան ժամանակաշրջանում։ Արձանը փրկեց Սերգեյ Մերկուրովը` Պուշկինի անվան մոսկովյան պատկերասրահի տնօրենը։
Sputnik

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ո ւ Կարեն Բալայանը պատմում են, թե ինչպես է Մերկուրովը փրկել Եկատերինայի արձանը և ուղարկել Երևան։

2003 թվականին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ հատուկ չվերթով Երևանից Մոսկվա տեղափոխվեց Եկատերինա Երկրորդի արձանը, որը տեղադրված էր այնտեղ, որտեղ այսօր տեղադրված է Մարտիրոս Սարյանի կիսանդրին։ Արձանը Երևանում հայտնվեց 1951 թվականին փրկվելու արդյունքում։ Սակայն ինչի՞ց կամ ումի՞ց էր պետք փրկել Եկատերինային պատերազմից վեց տարի անց։ Անուններ հնչեցին, բայց չնշվեց այդ պատմության ամենակարևոր անունը` Սերգեյ Մերկուրով։

Ինչպե՞ս նա կարողացավ լուծել արձանը Երևան բերելու հարցը։ 4 տոննա կշիռ ու 260 սմ բարձրություն ունեցող արձանը չես թաքցնի գրպանում կամ վերարկուի տակ։

Մի անգամ Մերկուրովը մեծ պատվեր է ստանում` կերտել Մարքսի 40 կիսանդրի։ Նա դեմ չէր Մարքսին կերտելուն, մանավանդ որ կարող էր հարթել հարաբերություններն առաջնորդի հետ։ Նրան ուղարկում են խոստացված մարմարը։ Իջնում է բակ և կարկամում տեսածից։ Տեսնում է Ալեքսանդր Օպեկուշինի հերթական գլուխգործոցը` Եկատերինայի արձանը, որը կերտվել էր կայսրուհու 100-ամյակի կապակցությամբ։ Մերկուրովը ցավ է ապրում։ Այս արձանը պետք է 40 կտորի բաժանվեր և կիսանդրիների վերածվեր։ Մերկուրովն աննախադեպ որոշում է կայացնում, որի համար կարող էր գլխով պատասխան տալ։

Նա զանգում է Երևանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանին։ Երկու ընկերների զրույցից հետո Եկատերինա Երկրորդի արձանը տեղափոխվում է Երևան և տեղ գտնում ազգային պատկերասրահում։ Արձանը գաղտնի տեղափոխելու համար այն ձևակերպում են որպես մարմարի ջարդոն, որն իբր պիտի տարվեր Հայաստան` քանդակագործ ուսանողների պարապմունքների համար։

Երկու ընկերները ճակատագրական որոշում են կայացնում երկու այլ ճակատագիր փրկելու համար` կայսրուհի Եկատերինա երկրորդի և քանդակագործ Ալեքսանդր Օպեկուշինի։

Սակայն քանդակագործը պետք է ինչ-որ ձևով դուրս գար իրավիճակից, քանի որ պատվերն ուժի մեջ էր, և նա պետք է պատասխան տար Ստալինին։