Գազի պայթյունից երևանյան շենքը վնասվել է և՛ դիմացի, և՛ հետևի կողմից. նոր մանրամասներ

Sputnik Արմենիայի թղթակիցը մանրամասներ է հայտնում այսօր լուսադեմին երևանյան բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Վրացական փողոցի բազմաբնակարան շենքերի և՛ դիմացի, և՛ հետևի պատերը վնասվել են խոշոր պայթյունի պատճառով։

Պայթյուն Վրացական փողոցի շենքերից մեկում. փրկարարները տարհանել են 14 քաղաքացու

Այս մասին հայտնում է այս պահին դեպքի վայրում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։ Շենքի հետնաբակը ծածկված է կոտրված պատուհանների ապակիների կտորներով։ Հետնաբակում կայանած ավտոմեքենաները ևս վնասվել են պայթյունից առաջացած բեկորներից։

Sputnik Արմենիայի թղթակցի խոսքով` նախնական վարկածով պայթել է առաջին հարկի վերանորոգվող բնակարանում տեղադրված ջեռուցման կաթսան։ Տանը պայթյունի պահին մարդ չի եղել։ Բնակարանը վերանորոգվում է, և տան տերն այն հանձնել է վերանորոգմամբ զբաղվող վարպետներին։

Շենքի տուժած հատվածի բնակարանների բնակիչները տարհանվել են և այս պահին գտնվում են շենքի բակում։

Դեպքի վայրում աշխատում են նաև ԱԻՆ–ի, ոստիկանության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության աշխատակիցները։

Զոհեր և վիրավորներ չկան։

Հիշեցնենք` փետրվարի 20-ին`գիշերը, ժամը 5–ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Վրացական փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի առաջին հարկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ոչ միայն շենքը, այլև բակում կայանած ավտոմեքենաները: