Հայաստանում նոր մոնոպոլիստներ են հայտնվում վիրտուալ աշխարհում

Էլեկտրոնային արժույթի կիրառման ակտիվացմանը զուգահեռ Հայաստանում նոր մոնոպոլիստներ են հայտնվում։ «Ելքը» կարծում է, որ Հայաստանում փորձ է արվում մոնոպոլիզացնել կրիպտոարժույթի ոլորտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Վիրտուալ արժույթով գործառույթներ իրականացնողներ Հայաստանում կան և քիչ չեն։ Այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը` նշելով, որ իրենք առաջարկում են օրենքով կարգավորել այս նոր ոլորտն ու արդեն հանդես են եկել «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենսդրական նախաձեռնությամբ։

ԶԼՄ. Qiwi–ին ցանկանում է Ռուսաստանում կրիպտոարժույթ ներդնել, սակայն պաշտոնյաները դեմ են

Օրեր առաջ ԵՄ ֆինանսական կարգավորիչը եվրոպացիներին նախազգուշացրեց կրիպտոարժույթի ռիսկերի մասին` նշելով, որ սպառողին պաշտպանող օրենսդրական մեխանիզմներ գոյություն չունեն։ ՀՀ Կենտրոնական բանկը ևս ՀՀ քաղաքացիներին կոչ արեց ձեռնպահ մնալ վիրտուալ արժույթներից՝ նախքան օրենսդրական կարգավորումների ներդրումը:

Ներկայացնելով օրենքի նախագծի նպատակը` Թանդիլյանը հաստատեց, որ ԿԲ-ն ՀՀ քաղաքացիներին որևէ երաշխիք տալ չի կարող։

«Սա իրականում այն ոլորտն է, որտեղ այս պահին ԿԲ-ն չի միջամտում, և այս առումով սա և՛ արտադրողի, և՛ սպառողի ռիսկն է, քանի որ պետական երաշխիք այստեղ չկա»,- ասաց նա։

«Ելքը» չի թաքցնում, որ նախաձեռնության համար հիմք են հանդիսացել նաև Հայաստանում այս ոլորտը մոնոպոլիզացնելու մասին առկա կասկածները։

«Կա վտանգ, որ ամեն դեպքում շուկան կա, և այն մոնոպոլիզացվելու է, այսինքն` միայն որոշակի մարդկանց է թույլ տրվելու զբաղվել դրանով։ Այս առումով մենք համարում ենք, որ այն պետք է լինի ազատական»,- ասաց Թանդիլյանը` միաժամանակ չցանկանալով բացել փակագծերն ու հայտնել հայ մոնոպոլիստների անունները։

Այդուհանդերձ, «Ելքն» առաջարկում է ազատականացնել կրիպտոառևտրի ոլորտը` հրաժարվել «ավելորդ բյուրոկրատիայից» և լիցենզավորման պարտադիր պահանջից, ինչպես նաև հարկերից`մինչ 2023 թվականը։

Թանդիլյանի խոսքով` իրենց նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել շուկայի զարգացմանը, իսկ դրա հարկման մասին կարելի է մտածել 5 տարվա զարգացումից հետո միայն։

Նշենք, որ այսօր համապատասխան օրենքի բացակայության պայմաններում վիրտուալ արժույթները Հայաստանում իրավական տեսակետից էլեկտրոնային փող չեն համարվում: