ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ընթացքում տեսակետներ է ներկայացվել երկրի արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վերաբերյալ։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին ուղղվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես արտագաղթի կանխման, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի, միջազգային հարթակներում մեր երկրի իրականացրած դիվանագիտական քայլերի, Հայաստան-Սփյուռք համագործակցության վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին անդրադառնալով՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում հստակ նշել է, որ Հայաստանը նախաձեռնել էր հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները գնացին ժխտողականության ու նախապայմանների ճանապարհով:
«Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ եւ կայուն տարածաշրջանում, բայց երբեք թույլ չենք տա, որ որևէ պետություն մեզ հետ խոսի նախապայմանների լեզվով: Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և թուրքական ժխտողականության դեմ պայքարը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ արցախցիները պատրաստ են մինչև վերջ պայքարելու հանուն անկախության և ազատության: ՀՀ ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ Ադրբեջանը չի կարող պատմական հողերի մասին խոսել, քանի որ, նախ և առաջ պետք է պատմություն ունենալ: «Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից»,-ասել է նա:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ զարգացող աշխարհում երիտասարդների համար ստեղծված են լավագույն պայմանները, եւ նրանք պետք է մրցունակ լինեն, հարստացնեն գիտելիքները, ապրեն, արարեն ու շենացնեն իրենց հայրենիքը: