Հայ նկարչի ու Հոլիվուդի աստղի մասնակցությամբ ֆիլմը հնարավոր է` հասնի Երևան

Հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ամերիկյան հայելի» ֆիլմի թրեյլերը և մանրամասներ հայտնել Sputnik Արմենիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Ռեժիսոր Արթուր Բոլդերի «Ամերիկյան հայելի» վավերագրական ֆիլմը` ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի և օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ, հնարավոր է` ներկայացվի նաև Հայաստանում։

«Պրոդյուսերները պատրաստվում են ֆիլմը ներկայացնել մի շարք փառատոներում։ Պրեմիերայի մասին տեղեկություն առայժմ չկա։ Հուսամ` Երևան էլ կբերենք»,- Sputnik Արմենիային ասաց Ձիթողցյանը։

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ֆիլմի թրեյլերը և գրել. «Թանկագին բարեկամներ, ես չափազանց հուզված եմ և ուրախ։ Ներկայացնում եմ «Ամերիկյան հայելի» ֆիլմը, որի վրա աշխատել ենք վերջին երկու տարիներին»։

Ֆիլմում շոշափվում է կնոջ գեղեցկության թեման և թե ինչպես է մարդն ընդհանրապես ընկալում գեղեցկությունը։ «Ամերիկյան հայելին» ցուցադրում է նկարչի աշխատանքների ստեղծման գործընթացը, մասնավորապես, թե ինչպես է Ձիթողցյանը ստեղծում «Հայելիներ» շարքը։ Գեղեցկության թեման ներկայացվելու է ոչ միայն ստեղծագործական գործընթացի, այլ նաև երկխոսությունների միջոցով։

Ֆիլմում խաղում են նաև հայտնի դերասանուհի և ֆոտոմոդել Էշլի Հինշոուն և մոդել Հիլարի Ռադան։