Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան
Իշխող կոալիցիայի («Քրիստոնեական միություն» կուսակցություն, Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարության, «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ» ու «Դեմոկրատներ 66») անդամներն ընդունել են բանաձև, որի համաձայն` կա՛մ հոլանդացի նախարարը, կա՛մ պետական քարտուղարը պետք է ապրիլի 24-ին ներկա լինեն Երևանում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։
Ավելին` բանաձևում նշվում է, որ այդպես է շարունակվելու յուրաքանչյուր տարի` մոտակա 5 տարվա ընթացքում։ Հետագա քայլերը երևի կորոշեն` ելնելով իրավիճակից։ Ամենայն հավանականությամբ, հոլանդական դիվանագետներն իրենք էլ են հասկանում, որ նման որոշումն ամեն դեպքում կբարդացնի Թուրքիայի հետ հարաբերությունները։
Միաժամանակ Նիդեռլանդների խորհրդարանը դեռ չի ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրագործված ցեղասպանությունը։ «Քրիստոնեական միություն» կուսակցության ներկայացրած նախագիծը միայն մյուս շաբաթ է երկրի խորհրդարանում քվեարկության դրվելու։
Դեռ և՛ պատգամավորները, և՛ երկրի կառավարության անդամները պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են «հայոց ցեղասպանության հարցը» ձևակերպումը։ Ու դեռ փաստ չէ, որ եթե խորհրդարանը ձայների մեծամասնությամբ «կողմ» քվեարկի, կառավարությունը կհաստատի՞ այն որպես նորմատիվ փաստաթուղթ, թե ոչ։
Արդեն հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ Անկարայից ուշադիր հետևում են նիդեռլանդական խորհրդարանում ու կառավարությունում ծավալվող իրադարձություններին։ Հայտնի է, որ շաբաթ օրը Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեսթստարեին կանչել են Թուրքիայի ԱԳՆ` բացատրություն տալու։
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները հենց այդպես են ասել են ԶԼՄ-ներին. «ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայում Նիդեռլանդների հարցերի հավատարմատարին, քանի որ տեղեկություն կա, որ քաղաքական գործիչը պատրաստվում է Նիդեռլանդների խորհրդարանին ներկայացնել Հայաստանի պնդումները սատարող բանաձև` կապված 1915 թվականի իրադարձությունների հետ»։
Անկարային իսկապես անհանգստացնում է առաջիկա քննարկումն ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությունը։ Թուրքերի տագնապը լրիվ բացատրելի է. Նիդեռլանդների խորհրդարանում հակաթուրքական տրամադրությունները բավականին ուժեղ են դեռ նախորդ տարվա գարնանից, երբ երկրի իշխանություններն արգելեցին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին մուտք գործել Նիդեռլանդներ, հետո էլ իրենց տարածքից դուրս հանեցին սոցիալական քաղաքականության հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայային։
Այն ժամանակ բարձրաստիճան թուրք դիվանագետները շրջում էին եվրոպական այն երկրներով, որտեղ շատ էին թուրք միգրանտներն ու կոչ էին անում աջակցել Էրդողանին` խորհրդարանականից նախագահական հանրապետության անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների ընդունման հանրաքվեի հարցում։
Բավականին լուրջ իրարանցում եղավ, և ոչ միայն Նիդեռլանդներում։ Թուրք նախարարներին արգելեցին ելույթ ունենալ, օրինակ, Գերմանիայում։ Սակայն երբ պարզվեց, որ Թուրքիայի սոցիալական քաղաքականության հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայան թաքուն մտել է Նիդեռլանդների տարածք և սահմանը հատել անօրինական ճանապարհով, հոլանդացիները չհանդուրժեցին ու դուրս արեցին նրան իրենց երկրի տարածքից։
Այդ ժամանակից ի վեր երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Թուրքիայի ԱԳՆ են հրավիրել Էրիկ Ուեսթստարեին։ Նիդեռլանդները պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին փետրվարի 5-ին, բայց նա իր թուրքական նստավայրում փաստացի չի եղել նախորդ տարվա մարտից` թուրքական նախարարի արտաքսման հետ կապված պատմությունից հետո։
Թե ինչպես հետագայում կզարգանան երկու երկրի դիվանագիտական հարաբերությունները, դեռ այդքան էլ պարզ չէ։ Սակայն հոլանդացիներն ասես պաշտոնական Անկարայի վրա ճնշում գործադրելու լավ միջոց են գտել։ Ինչպես ասում են, թույլ տեղը գտել են ու պատին են դեմ տվել։
Արդյո՞ք հոլանդացի դիվանագետներն ու կառավարության անդամները վերջնականապես կխզեն հարաբերությունները թուրքերի հետ` 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելով, կիմանանք հաջորդ շաբաթ։