Համով Հայաստան. պատրաստենք ամենաքաղաքականացված հայկական ուտեստը` տոլմա

«Համով Հայաստան» խոհարարական ծրագրի այս թողարկման մեջ Sputnik Արմենիայի թղթակիցները պատրաստել են տոլմա`վերջին ամիսներին հայ-ադրբեջանական «խոհարարական վեճի» առիթը։
Sputnik

Գոյություն ունի տոլմայի ավելի քան 80 տեսակ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններում պատրաստում էին դեռևս 1000 և ավելի տարի առաջ։ Տոլմայի մասին 1–ին հիշատակությունները հայկական աղբյուրներում թվագրվում են 5–րդ դարով։ «Տոլմա» բառը (միսը`խաղողի թփում) առաջացել է «տոլի» բառից, որը նշանակում է խաղողի տերև։

«Պատմությունից քաջատեղյակները կասկածներ չունեն տոլմայի ծագման մասին։ Տոլման հայկական ճաշատեսակ է, որը մենք ոչ մեկին չենք զիջի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռեստորաններից մեկի խոհարար Աննա Մաթևոսյանը։

Տոլմայի այս բաղադրատոմսը նոր է` ստեղծված երիտասարդ խոհարարների շնորհիվ։ Այն պատրաստվում է գառան դմակից, բլղուրից, սոխից, չրերից, լոլիկից, աջիկայից և թթու կաղամբից։