Արցախյան գյուղի «էշի մահը»․ ինչ չգիտեինք մեծ մարշալ Բաբաջանյանի մասին

Արցախյան հնագույն Չարդախլու գյուղը կարելի է համաշխարհային ռեկորդակիր համարել․այստեղ ապրել ու մեծացել են տասներկու գեներալ, ԽՍՀՄ յոթ հերոս ու Խորհրդային Հայաստանի տասնյակից ավելի բարձրագույն սպաներ: Այստեղ են ծնվել նաև երկու մարշալ՝ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը։
Sputnik

1906 թ. փետրվարի 18-ին Չարդախլուում ծնվել է Համազասպ Բաբաջանյանը: Նա տան ութ երեխաներից մեկն էր և մանուկ հասակից սկսել է օգնել հորը, մշակություն արել, մեծ ընտանիքին թեկուզ չնչին, բայց օգնություն ցույց տվել։ Գյուղական դպրոցում Համազասպը հինգ տարի է սովորել, բայց աչքի է ընկել վառ երևակայությամբ, զարմանալի ուժով, պոռթկուն բնավորությամբ. նա նաև չափազանց նախաձեռնող է եղել։ Հավանաբար, այդ պատճառով նրան ընտրել են կոմերիտական պաշտոնում, իսկ 1925թ-ին ուղարկել են Երևանի հետևակային դպրոց, հետո էլ` Թբիլիսիում գտնվող Անդրկովկասի հետևակային դպրոց։

Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը

1941 թ. ապրիլին Բաբաջանյանը նոր նշանակում է ստանում` 19-րդ բանակ, գեներալ Կոնևի հրամանատարությամբ, որը երկրի խորքից տեղափոխվում էր դեպի արևմուտք: Եվ այստեղ ամեն ինչ, վերջնականապես, պարզ է դառնում: Հետախույզների ձերբակալություններ, օդային տարածքի խախտումներ, անզեն աչքով տեսանելի զորքերի կենտրոնացում լեհական սահմանի մյուս կողմում:

Բաբաջանյանն իմացավ պատերազմի մասին հունիսի 22-ի ուշ գիշերը: Երևակայականը դաժան իրականություն դարձավ. առաջին ավերածությունները Կիևում, առաջին որբերն այդ քաղաքի փողոցներում… Եվ Կոնևի 19-րդ բանակը` չորս կորպուս, ոչ պակաս, ոչ ավել` հանձնարարություն էր ստացել շարժվել դեպի Վիտեբսկ: Սկսվեց:

Սկզբում շատ վատ էր: Սովետական ճակատները ջախջախիչ պարտություն էին կրում, իսկ 19-րդը, չունենալով ավիացիոն և տանկային օժանդակություն, խիզախորեն կռվում էր Սմոլենսկի մոտ, սակայն հեռանում էր, որքան կարող էր դանդաղ: Կոնևը հաղորդում էր, որ 4 օր է տեղում է, չի չնահանջում։

1941-42 թ.թ. ձմռանն այն դիվիզիան, որտեղ կռվում էր Բաբաջանյանի կործանիչ գունդը, Հարավ-արևմտյան ճակատի մի մասն էր: Ահա, թվում էր, թե առաջին հաջողությունն է, առաջխաղացում միուսյան ուղղությամբ, սակայն մի երկու ամիս հետո զորքերը նահանջեցին դեպի իրենց նախկին դիրքերը:

Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը` Օրյոլ քաղաքում

Գլխավոր շտաբի ակադեմիայում կարճատեւ ուսումից հետո, երկու ամիս անց, Բաբաջանյանը ստանձնում է մեխանիկական ջոկատի հրամանատարությունը։ Հետո ջոկատը վերածվում է 20-րդ գվարդիական ջոկատի, մասնակցում մի շարք գրոհիչ գործողություններին։ 1944 թ.-ին  արևմտյան Ուկրաինայում գերմանացիների պարտությունից, Պերեմիշլի և Լվովի ազատագրումից հետո բացվեց ճանապարհը դեպի Վիսլա, որն ուղիղ դեպի Գերմանիա էր տանում: Փայլուն հրամանատարության և գրոհի անթերի կազմակերպման համար Բաբաջանյանը ստացավ Հերոսի աստղ և տանկային կորպուսի հրամանատարություն:

Պատերազմի ավարտին գնդապետը 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատարն էր։ Գերմանացիները կատաղի պայքարում էին, սակայն ապրիլի 21-ին Բաբաջանյանի տանկային կորպուսը մտավ Բեռլինի արվարձաններ: Բաբաջանյանի կորպուսի տանկերն ուղղակիորեն հարվածում էին Ռեյխստագը: Ապրիլի 30-ին Ռեյխստագի վրա բարձրացվեց հաղթանակի դրոշը:

Զրահատանկային ուժերի մարշալի կոչմանը Համազասպ Բաբաջանյանն արժանացել է 1967 թվականին: Պատերազմից հետո նա բանակի շտաբի պետ էր, Ուկրաինայի ռազմական զորքերի հրամանատար, ղեկավարում էր զրահատանկային ուժերի ռազմական ակադեմիան, իսկ 1969 թ. մայիսից նշանակվել է խորհրդային բանակի զրահատանկային ուժերի հրամանատար՝ դառնալով արդեն գլխավոր մարշալ:

Նա յուրօրինակ ընդունակություն է ունեցել ներդաշնակ համագործակցել նոր տեխնիկայի ստեղծման համար պատասխանատու կառույցների և նրանց հետ, ովքեր գործնականում նոր տեխնիկա էին շահագործում, թեև կողմերից յուրաքանչյուրի խնդիրները և առաջադրանքները տրամագծորեն հակադիր են եղել։ Դրանում նույնպես բացահայտվել է պետական մասշտաբի ռազմական ղեկավարի տաղանդը։

Հայ հանճարի էպոպեան, կամ ինչպես պահածոները սպանեցին «վախթանգովյան Աստվածաշունչը»

Բաբաջանյանը միշտ աշխատել է, նույնիսկ հիվանդ ժամանակ հոսպիտալում մարդիկ գործով գալիս էին նրա մոտ, և աշխատանքը ոչ մի օր չէր դադարում: 1977 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ևս շատ գործեր էին նախատեսված: Կային չստորագրված փաստաթղթեր, այցելուներ էին սպասվում, և, ի վերջո, պարզապես պետք էր այցելել նրան: Սակայն գիշերը մարշալը մահացել է: Նա 71 տարեկան էր:

Մարշալը սիրում էր հանգստանալ և կարողանում էր դա անել։ Այցելությունները հայրենի գյուղ, որն իր հուշագրություններում նա կոչում էր «ոչ ռազմատենչ գյուղ», միշտ իրադարձություն է եղել: Եթե կարտոֆիլը հողի տակից հանելու ժամանակն էր, մարշալը հանում էր համազգեստը, բարձրացնում հագուստի թևքը, վերցնում բահը և… երկու տղամարդ հազիվ էին հասցնում նրա հետևից հավաքել: Հետո վերադառնում և ստուգում էր, թե արդյո՞ք նրանք հավաքել են ամբողջը:

Այնուհետև, իհարկե, քեֆ էին անում: Նա դա էլ էր կարողանում լավ անել: Մարշալ Բաբաջանյանը համագյուղացիների հետ խմում էր ավելի քան 70 աստիճան սպիրտ պարունակող օղի և՝ ոչ մեկ շիշ, որն այնտեղ կոչվում էր «էշի մահ»: Այնուհետև նրանք մարդ էին ուղարկում հարևան գյուղեր իրենց մանկության ընկերների և թշնամիների հետևից, և տոնը շարունակում էր ընդլայնված կազմով:

Ի դեպ, հետաքրքիր և խոսուն մանրամասն․ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Համազասպ Բաբաջանյանի անունը հիշատակվել է գերագույն հրամանատարության հրամաններում 17 անգամ։ Այդքան շատ ուրիշ ոչ մեկի անունը չի նշվել։