Մահափորձ և կտտանքներ. Լապշինն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Այս գործում գլխավորը պետք է լինի Ադրբեջանը` մարդկանց իրենց համոզմունքների համար հետապնդող երկիր ճանաչելը, կարծում է բլոգերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հայտնի իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այդ մասին Sputnik Արմենիային հաղորդեց հենց ճանապարհորդը։

«Ամեն ինչ արդեն ներկայացված է. մահափորձ` հաստատված իսրայելցի և ռուս դատաբժշկական փորձագետների կողմից, բանտում կտտանքների իրականացում և արտահանձնման կանոնների խախտում», – ասաց Լապշինը։

«Հայ լրտեսին անզգայացում չի հասնում». Լապշինի ադրբեջանական «արկածները»

Նրա խոսքով` հայցը ներկայացված է Ադրբեջանի Հանրապետության դեմ, քանի որ նրա հետևից ինքնաթիռ են ուղարկել հենց իշխանությունները, որոնք պատասխանատվություն են կրել բլոգերի կյանքի և առողջության համար բանտում եղած ժամանակ։

Առայժմ հայտնի չէ, թե երբ կքննարկվի գործը, Ադրբեջանը երեք ամիս ունի առարկություն ներկայացնելու համար։

«Արդեն ինսայդերական տեղեկատվություն կա, որ Ադրբեջանը շատ լուրջ է ընդունում իմ բողոքը ՄԻԵԴ և բոլոր դիվանագիտական ու ֆինանսական պաշարները կուղղորդի դեպի այդ գործը», – ասաց Լապշինը։

Նա չի բացառում, որ կներկայացվեն կեղծ փաստաթղթեր, հետին թվով ձևակերպված բժշկական թղթեր, փաստաթղթերում կեղծված ստորագրություններ, Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանի աշխատողների կեղծ վկայություններ։

Լապշինը հայ ընկերներից լսած անեկդոտ է պատմել Ադրբեջանի մասին

ՄԻԵԴ այն որոշման հիման վրա, որ Ադրբեջանը կատարել է կամ չի կանխել բանտում մահափորձը, առանձին հայց կներկայացվի ԱՄՆ–ում, որը կպահանջի մոտավորապես 5 միլիոն դոլար։

«Կարևոր չէ, թե որքան կշահենք։ Նույնիսկ, եթե 5 եվրո։ Գլխավորը, որպեսզի եվրոպական դատարանն Ադրբեջանը ճանաչի մարդկանց` իրենց համոզմունքների համար հետապնդող երկիր, որը կապ ունի պատվերով սպանությունների հետ», – ասաց Լապշինը։

Նա հույս հայտնեց, որ այս անգամ «Ադրբեջանի մեծ փորձը» եվրապաշտոնյաների կաշառելու հարցում չի աշխատի։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։