Հայ-ռուսական միացյալ զորախումբը նոր ղեկավար ունի

Գեներալ-մայոր Փարվանյանը նշանակվել է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ միացյալ զորախմբի հրամանատար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հայ-ռուսական միացյալ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։ Այդ մասին Sputnik Արմենիային հաղորդեց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով` առաջին բանակային միավորման հրամանատարի պաշտոնը գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը ստացել է Հայաստանի նախագահի հրամանագրով։

Ինչպես Ռուսաստանն օգնեց ուժեղացնել հայկական բանակը, կամ Անդրկովկասի «Պինդ կաղինը»

Նրա խոսքով` Փարվանյանն արդեն հրաժեշտ է տվել միավորման անձնակազմին։ Արարողության ընթացքում Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտապի պետ, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ նոր պաշտոնում Փարվանյանի ծառայությունն ուղղված կլինի Հայաստանի ԶՈՒ ուժեղացմանը և զորքերի միացյալ խմբավորման ամրապնդմանը։

Խմբավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը հունվարի վերջին նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտապի պետի տեղակալ։

Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում։ Այս տարվա մարտի 15-ին ՀՀ և ՌԴ նախագահները Կրեմլում կայացած բանակցություններից հետո բարձր գնահատական էին տվել ստեղծվող միացյալ զորախմբին։

Միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է և պաշտոնից հեռացվում Հայաստանի ԶՈՒ Գերագույն հրամանատարի` նախագահի կողմից՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ։

Խաղաղ ժամանակ հրամանատարությունը ենթարկվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարին, անմիջական վտանգի և պատերազմի ժամանակ` կախված ստեղծված իրավիճակից, ռուսական բանակի ՀՌՕ զորքերի հրամանատարությանը կամ ՀՀ ԶՈՒ շտաբի ղեկավարների կոմիտեին, երկու երկրների ԶՈՒ գլխավոր հրամանատարների որոշմամբ։