Հայաստանի վրա կանդրադառնա՞ ԱՄՆ–ի քմահաճույքը. ինչո՞վ է տարբերվում Ադրբեջանը Ֆինլանդիայից

Դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ–ն պատժամիջոցներ կկիրառի Երևանի և Բաքվի նկատմամբ, բայց բացառել չի կարելի, կարծում են փորձագետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ԱՄՆ-ին չի մտահոգում մյուս երկրների շահերը և անհրաժեշտության դեպքում կարող է պատժամիջոցներ կիրառել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ, Sputnik Արմենիային ասաց քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Ինչ ազդակ է ԱՄՆ-ն ուղարկել Արցախին

ԱՄՆ-ն հունվարի 29-ից կարող է սկսել պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի այն ընկերությունների նկատմամբ, որոնք զգալի/էական գործարքներ կկնքեն ռուսական պաշտպանական կամ հետախուզական հատվածի կազմակերպությունների հետ «Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում։

«Մի փոքր դժվար է պատկերացնել, բայց պատժամիջոցների կիրառումը տեսականորեն հնարավոր է» — ասաց Խրամչիխինը։

Նրա խոսքով` ամերիկյան պատժամիջոցների կիրառումը հարաբերական է։

«Ամերիկացիներին Հայաստանի շահերը հաստատ չեն հուզում։ Նրանք գործում են սեփական շահերից ելնելով, երբեմն էլ ղեկավարվում են բացարձակ անտրամաբանական հասկացություններով», — ասաց Խրամչիխինը։

Ամերիկացիների համար, իրենցից բացի, որևէ մեկը գոյություն չունի։ Փորձագետի խոսքով` նրանք հիմա ընդհանրապես «ինչ-որ» հոգեբանական խնդիրներ ունեն։

«Նրանցից ամեն ինչ սպասելի է։ Եվ հասկանալի է, որ ոչ մեկի շահերը նրանք հաշվի չեն առնելու», — ասաց Խրամչիխինը։

ԱՄՆ–ը պատժամիջոցներ կիրառելիս կողմնակալ կլինի և, թերևս, չի պատժի Հայաստանին

«Ռազմինֆո» ռազմատեղեկատվական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր հերթին կարծում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի լարված հարաբերությունները` Հայաստանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի, որ կարող են պատժամիջոցներ ու որոշակի հետևանքներ լինել Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունից։

«Նման վտանգ միշտ կար ու շարունակում է լինել», — ասաց Վրթանեսյանը։

Մյուս կողմից, նրա խոսքով, Հայաստանի և Իրանի համագործակցության օրինակը կա։ Վաշինգտոնում լավ են հասկանում, որ Ռուսաստանի մի շարք գործընկերներ այլ տարբերակներ չունեն ռազմական գնումներ իրականացնելու համար։

Նրա խոսքով հասկանալի է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն ազդում են նաև հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, բայց այդ հարցում Հայաստանը փորձում է առավելագույնս չեզոք լինել։

«Դա հասկանում են և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում», — ասաց Վրթանեսյանը։

Ամերիկյան հետախուզությունն Արցախի վերաբերյալ գուշակություն է անում սուրճի մրուրով

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Վաշինգտոնի և Բաքվի միջև լարվածություն կա մարդու իրավունքների, Ազատություն ռադիոկայանի մասնաճյուղի փակման, ամերիկամետ անձանց վրա պարբերական ճնշումներ գործադրելու պատճառով։

Սակայն բիզնեսի մակարդակում, նրա խոսքով, բավական նորմալ են հարաբերությունները, և ԱՄՆ-ն հազիվ թե լուրջ պատժամիջոցներ կիրառի Ալիևի նկատմամբ։

Միևնույն ժամանակ Վրթանեսյանը չի կարծում, որ Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի հնարավորություն ունի դիվերսիֆիկացնելու իր ռազմական գնումները, հատկապես ծանր զրահատեխնիկայի և հրետանու առումով։ Բանն այն է, որ սպառազինության սպասարկման ամբողջ ենթակառուցվածքը հարմարեցված է ռուսական զենքին։

Նա նշեց, որ Ֆինլանդիայում զենքի զգալի մասը նույնպես խորհրդային և ռուսական արտադրության է։

«Կասկածում եմ, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ֆինլանդիայի նկատմամբ», — ասաց Վրթանեսյանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ավելի վաղ հակառուսական պատժամիջոցները որոշ արտասահմանյան պետությունների ստիպել են հրաժարվել «մի քանի մլրդ դոլարի զենք» գնել Մոսկվայից։