1915 թվականին Մկրտչյանների ընտանիքը փախավ Ցեղասպանությունից և հայտնվեց Կրասնոդարում։ Ուղիղ տասը տարի անց Մկրտիչ Մկրտչյանը որդի ունեցավ, հետո նրանք Մոսկվա տեղափոխվեցին։
Այսօրվա չափանիշներով Գրիգորին բավականին ուշ է սկսել լրջորեն զբաղվել սպորտով` 20 տարեկանում, սակայն պատերազմը տարիքի ու զբաղմունքների մասին չէր հարցնում։ Մոսկովյան սահադաշտերից մեկում նրան նկատեցին, կանչեցին, որպեսզի մարզիչ Գավրիիլ Կաչալինը տեսնի։ Այսպես նա սկսեց հոկեյ խաղալ «Տրուդովիե ռեզերվի» թիմում, որի կազմում հասավ 1946 թվականի Մոսկվայի գավաթի կիսաեզրափակիչ ու այնպես խաղաց ԲԿՄԱ-ի դեմ պայքարում, որ բանակայինները միանգամից իրենց մոտ տարան նրան։
Տափօղակով հոկեյը ԽՍՀՄ-ում առաջին քայլերն էր անում. չկային ո՛չ փորձառու մարզիչներ, ո՛չ մեթոդական նյութեր ու ձեռնարկներ։ Ստիպված էին սեփական սխալների վրա սովորել ու հույսը դնել բնատուր հոտառության վրա։
Համաշխարհային նշանակության մարզիչ դարձած, լեգենդար Անատոլի Տարասովը պատմել է Մկրտչյանի մասին. «Այնպես ստացվեց, որ Գրիշան այսպես ասած փորձաճագար էր, քանի որ այն ժամանակ մենք ոչ մի բան չգիտեինք ու ոչ մի հմտություն չունեինք։ Մեր մարզիկները չգիտեին` որն է դարպասապահի հիմնական դիրքը, ինչպիսի հնարքներ են հարկավոր սահող տափօղակի հարվածը հետ մղելու համար, դարպասում խաղալու ոչ մի մարտավարություն չկար։ Դարպասապահները նոր էին սովորում տիրապետել մականին։ Մկրտչյանը դարպասապահների դպրոցի նախահայրը դարձավ»։
1948 թվականին մոսկովյան բանակայինները, ինչպես նաև Մկրտչյանը, ԽՍՀՄ չեմպիոն դարձան։ Դա խորհրդային առաջնություններում Գրիգորիի նվաճած ինը ոսկե մեդալներից առաջին էր։ Չմոռանանք հիշատակել նաև ԽՍՀՄ չորս գավաթները։
1945 թվականից խորհրդային ղեկավարությունը որոշեց հոկեյիստների ուժերը փորձարկել միջազգային ասպարեզում։ Ստոկհոլմում 1954 թվականի աշխարհի առաջնությունում մեկնարկի նախօրեին երկրի հավաքական ստեղծվեց, առաջին դարպասապահը Գրիգորի Մկրտչյանն էր։
Խորհրդային հոկեյիստների դեբյուտը ցնցող էր ու սենսացիոն. աշխարհի չեմպիոնների կոչման արժանացան միանգամից, առաջին մասնակցությունից։ Մրցակիցներին ուշքի գալու ժամանակ չտվեցին ու երկու տարի անց կրկին հաղթանակ տոնեցին Իտալիայում` Կորտինա դ'Ամպեցոյում անցկացված ձմեռային օլիմպիադայի ժամանակ։
Հետո Մկրտչյանը ևս մեկ անգամ կդառնա աշխարհի և երեք անգամ Եվրոպայի չեմպիոն։ Միութենական առաջնությունների շրջանակում նա մասնակցել է 170 խաղի`բանակային թիմերի կազմում։ 1960-ականներին մարզիչ է աշխատել Մոսկվայի «Լոկոմոտիվում»։
Ո՛չ 1954-ին, ո՛չ 1956 թվականին հոկեյի դարպասապահները պաշտպանիչ դիմակներ, սաղավարտներ ու ընդհանրապես հատուկ հանդերձանք չէին կրում։ Այն ժամանակ հոկեյի դարպասում կանգնելը հերոսություն էր, թիմակիցները բազմաթիվ անգամ են սարսափել, երբ տեսել են նրա կապտուկները, վնասվածքներն ու կոտրվածքները։ Մկրտչյանն անվրդով էր, մարզումների ժամանակ պահանջում էր մարզվել այնքան, որքան հարկավոր է` առանց խնայելու։
Խորհրդային դարպասապահների դպրոցի պիոներ Մկրտչյանը փաստացիորեն իր փորձով մշակեց դարպասում խաղալու մարտավարությունն ու ռազմավարությունը, և հայտնի դարպասապահներ Պուչկովը, Կոնովալենկոն ու Տրետյակն «աճեցին» նրա դրած հիմքի վրա։
Գրիգորի Մկրտչյանը մահացավ 15 տարի առաջ այս օրը, 78 տարեկանում։
«Գրիգորի Մկրտչյանն առաջինն էր, որ միջազգային մակարդակով խաղաց։ Ու այդ իմաստով նա իսկապես հոկեյի դարպասապահների խորհրդային դպրոցի նախահայրն էր», —նրա մասին ասել է Արկադի Չերնիշևը` Խորհրդային Միության հաղթական թիմի մարզիչը։