Արմեն Սարգսյանը կհանդիպի Սերժ Սարգսյանին. Ծառուկյանը` այլընտրանքի բացակայության առա՞ջ

«Ժամանակ» թերթի տվյալներով` Արմեն Սարգսյանն արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հայ­տարարել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ էլ կասի իր վերջնական որոշումը՝ ընդունե՞լ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, թե՞ ոչ:

Ընդ որում, հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանն այդ մասին հայտարարել է առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման: Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ, սակայն դաշինքի առաջնորդն օրերս հայտարարել էր, որ ինքն առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, և միայն դրանից հետո կորոշեն՝ սատարե՞լ, քվեարկե՞լ նրա օգտին, թե՞ ոչ:

Անվտանգության խորհուրդը հարմարեցնո՞ւմ են Սարգսյանին․ ո՞վ է լինելու գլխավոր հրամանատարը

Փաստորեն, Արմեն Սարգսյանն առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի հետ առանձին հանդիպում ունենալու հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին: Դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը կողմ է նախագահի թեկնածու առաջադրվելուն, այլապես հազիվ թե հայտարարեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն արդեն պատրաստ լինելու մասին:

Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ առանց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու էլ արդեն նա ստացել է «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը, այսպես ասած՝ մեկ փուլով ընտրվելու համար, թե՞ ավելին՝ «Ծառուկյան» դաշինքին ներկայացվել է վերջնագիր, որ եթե պաշտոնապես չլինի սատարում, ապա գործի կդրվի, այսպես ասած, ոչ պաշտոնական մեծամասնությունը, որ ունի Սերժ Սարգսյանը, և որն, անկասկած, ավելին է, քան ՀՀԿ-ՀՅԴ մանդատների քանակը: Այդ դեպքում անհարմար վիճակում կարող է հայտնվել դաշինքը, քանի որ կստացվի, որ այն գտնվում է անկառավարելի վիճակում՝ իր առաջնորդի համար անկառավարելի:

Այդ տեսանկյունից նախագահի ընտրության հարցում Ծառուկյանը, կարծես թե, կարծես թե կանգնել է այլընտրանքի բացակայության առաջ: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն էլ կարող է իր հերթին տհաճ անակնկալ մատուցել Արմեն Սարգսյանին, որը վստահ կլինի «ընդարձակ մեծամասնությամբ» ընտրվելու հարցում, սակայն հանկարծ ինչ-որ բան կարող է չգնալ այնպես, ինչպես սպասվում էր, Սարգսյանի նախագահությունը չստացվի «շռնդալից»: