ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին առաջարկել է կրճատել 2019 թվականի ֆինանսական տարվա երկրի բյուջեի շրջանակներում Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը։
Արտաքին օգնության զգալի կրճատում նախատեսող բյուջեի համաձայն` Հայաստանը 2019 թվականին օգնություն պետք է ստանա 3,24 մլն դոլար` 2018-ին նախատեսված 4 մլն դոլարի փոխարեն։
Բացի այդ, միջազգային ռազմական կրթության ծրագրի շրջանակում ենթադրվում է, որ Վաշինգտոնը Հայաստանին ևս 600 հազար դոլար կտրամադրի, ինչպես որ այս տարի։
Հայաստանը թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողություն ապահովելու համար 1,5 մլն դոլար կստանա (նույնը` 2018 թվականին)։
Սակայն 2019 թվականին մեր պետությունը ռազմական օգնություն չի ստանա, թեև անցյալ տարի 1 մլն դոլար էր հատկացվել այդ նպատակներով։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի մյուս երկրներին, ապա Վրաստանը ֆինանսական աջակցման ծրագրով 25 մլն դոլար կստանա, Ադրբեջանը` 3մլն (2018 թվականին այդ պետությունն ընդհանրապես զրկված էր օգնությունից)։
Միջազգային ռազմական կրթության ծրագրով Վրաստանը 2,2 մլն դոլար կստանա, Ադրբեջանը` 600 հազար դոլար։
Թմրանյութերի վերահսկման համար Վրաստանը 3 մլն դոլար կստանա։ Ադրբեջանն այդ ցուցակում չի ընդգրկվել։
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաև, որ Կոնգրեսը կարող է չհամաձայնել Թրամփի առաջարկած ծրագրերի մի շարք կետերի հետ, ինչպես եղավ անցյալ տարի։