Ապաստան փնտրելիս. թուրքական քրդերը Հայաստան են հասե՞լ

Ի տարբերություն պաշտոնական Անկարայի, որը Քրդստանի աշխատավոր կուսակցության ներկայացուցիչներին ահաբեկիչ է համարում, Հայաստանում և Ռուսաստանում քրդերի հանդեպ չեզոք դիրքորոշում ունեն, ինչը քրդերի առաջ բացում է Հայաստանի դռները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայաստանը պետք է գոնե ոչ պաշտոնական մակարդակով սատարի Անկարայի կենտրոնական իշխանության դեմ պայքարող քրդերին, կարծում են հայ փորձագետները։

Ավելի վաղ հայկական «Ժամանակ» թերթը գրել էր, որ թուրքական զինվորականների հետ բախումներից խուսափող քուրդ ապստամբները, հետապնդումից փախչելով, անցնում են հայ-թուրքական սահմանը և հանձնվում Հայաստանի իշխանություններին:

Ենիչերու այս ժառանգից անգամ թուրքերն են ամաչում. Գյուլբեյն Արցախում ճամբարներ է փնտրում

Պարբերականի տվյալներով` հայ-թուրքական սահմանը պահող ռուս սահմանապահները չեն խոչընդոտում քրդերի՝ Հայաստան ներթափանցմանը։

«Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ PKK-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն, Հայաստանը և Ռուսաստանը քուրդ ապստամբների նկատմամբ ունեն ավելի չեզոք դիրքորոշում», — գրում է թերթը։

Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության պահուստային փոխգնդապետ Լև Ազատխանյանին խնդրեցինք մեկնաբանել այս տեղեկությունը։ Նրա խոսքով` տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

«Անցյալում, իհարկե, քրդերին բռնելու առանձին դեպքեր եղել են։ Նման իրավիճակներում ամեն ինչ արվում է ըստ օրենքի. նրանց բռնում են, փոխանցում Հայաստանի իրավապահ մարմիններին, հետաքննությունն է անցկացվում, հետո դատ, որի ժամանակ էլ որոշվում է ձերբակալվածի հետագա ճակատագիրը։ Սակայն վերջին ժամանակաշրջանում, կրկնում եմ, նման դեպքեր չեն եղել», — նշեց Ազատխանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Հարկ է նշել, որ Հայաստանում քրդերի նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ չեզոք է, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Խորհրդային Միությունը սատարում էր Անկարայում կենտրոնական իշխանության դեմ քրդերի զինված պայքարը։ Քրդերի նյութական և տեխնիկական օգնությունն իրականացվում էր հիմնականում Հայաստանի տարածքով։

Ազատխանյանի կարծիքով` այսօր իրավիճակը բոլորովին այլ է։

«Սահմանապահները քաղաքականությամբ չեն զբաղվում։ Նրանք պահպանում են Հայաստանի պետական սահմանը, և որքան էլ Մոսկվան կամ Երևանը քրդերին ցավակցեն, նորմեր և օրենքներ կան, որոնք պետք է պահպանվեն», — նշեց նա։

Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում կամ Ռուսաստանում դժվար թե որևէ մեկը մատների արանքով նայի նման լուրջ միջպետական հարցերին։

Քրդական շարժմանն աջակցել է պետք նաև այսօր, կարծում է արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Էրդողանին կարող է կանգնեցնել միայն իրական սպառնալիքը. Թուրքական ԶԼՄ–ների հիստերիան

Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նախ հայտնեց, որ «քրդական խաղաքարտը» ժամանակ առ ժամանակ խաղարկում են Հայաստանի հակառակորդները` նպատակ ունենալով մեղադրել «ահաբեկչությանը սատարելու» մեջ։ Այդ առումով հայկական կողմը պետք է չափազանց զգույշ լինի և կուլ չտա ապատեղեկատվության խայծը։ Քրդերի մասին տեղեկություններ տարածելիս պետք է հիմնվել բացառապես հայկական պաշտոնական մարմինների տվյալների վրա։

«Սակայն Քրդստանի աշխատավոր կուսակցությունը մենք ահաբեկչական կազմակերպություն չենք համարում, նույնը վերաբերում է նաև Սիրիայի քրդերին։ Նրանք պարտիզաններ են։ Մեզ համար նրանք ահաբեկիչ երբեք չեն եղել։ Նրանք պայքարում են սեփական իրավունքների և ազատության համար», — ասաց նա։

Ոսկանյանը հորդորեց հայ հասարակության մեջ ավելորդ խուճապ չհրահրել։ Հայաստանը հասարակական մակարդակով քրդերի զինված պայքարի նկատմամբ որոշակի համակրանք ունի, և նրանց նկատմամբ կարեկցանքը, փորձագետի կարծիքով, անիմաստ է թաքցնել։