Հայաստանը հույս ունի, որ ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում կօգնի Բուլղարիան

Սերժ Սարգսյանը կարծում է, որ ԵՄ խորհրդում Սոֆիայի նախագահությունը թույլ կտա առաջընթաց արձանագրել վիզաների հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Եվրամիության խորհրդում Բուլղարիայի նախագահությունն առաջընթաց կարձանագրի նաև Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։ Նման հույս է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Երևանում բուլղարացի գործընկեր Ռումեն Ռադևի հետ համատեղ ճեպազրույցում։

Նա վստահեցրել է, որ Բուլղարիայի նախագահի այցը կամրապնդի երկկողմ կապերը և խթան կհանդիսանա համագործակցության խորացման համար։

Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ հայ-բուլղարական հարաբերությունները կխորանան նաև ԵՄ շրջանակում` հատկապես հաշվի առնելով այն, որ Սոֆիան դարձել է ԵՄ խորհրդի նախագահ։

«Հույս ունեմ, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանագրի նաև Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում», — ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ վերջին տարիներին փոխադարձ առևտուրը զգալի աճ է արձանագրել, սակայն դրա ներուժն ավելի մեծ է։

«Գոհունակությամբ արձանագրեցինք նաև բուլղար գործարարների հետաքրքրության աճը Հայաստանում ընդլայնելու տնտեսական հնարավորությունները․ խոսքս թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության, Հայաստան-ԵՄ համագործակցության նոր դաշտի մասին է, թե՛ երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորությունների», — ասել է Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է իր գործընկերների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող գործընթացին, ինչը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։

Հայաստանի նախագահն իր բուլղարացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։

Բուլղարիայի նախագահ. «Հայաստանը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»

2018թ-ի հունվարի 1-ին Բուլղարիան ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը։

Բուլղարիայի նախագահի այցի շրջանակում կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2018-2020թթ. համագործակցության մասին» գործնական ծրագիրը:

Բուլղարիայի նախագահը փետրվարի 12-ին պետական այցով ժամանել է Հայաստան, այցը կտևի երկու օր։ Այցի շրջանակում նախագահի հետ հանդիպումից բացի նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի ԱԺ նախագահի և վարչապետի հետ։

Ռադևին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կընդունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Պետական այցի շրջանակում Ռադևը կայցելի Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան №131 միջնակարգ դպրոց։

Վերջին անգամ Բուլղարիայի նախագահը Հայաստան է այցելել ավելի քան 13 տարի առաջ։ 2004թ-ին պաշտոնական այցով Հայաստան էր եկել Գեորգի Պրվանովը։