Խաչիկ Չախոյան, Sputnik.
Փհենչհանի օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցումներում խաղարկվեցին մեդալների երկու հավաքածու։ Այսօր` փետրվարի 12-ին, կանանց 7.5 կմ մրցատարածությունում օլիմպիական երկրորդ ոսկե մեդալը նվաճեց գերմանուհի Լաուրա Դալմայերը, իսկ տղամարդկանց մրցումներում, մեկնարկելով ութերորդը, ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին:
Մրցումների մեկնարկից առաջ կասկած կար, որ մրցումները հետաձգվելու են ուժեղ քամու պատճառով: Մարզադաշտում, որտեղ ջերմաստիճանը զրոյից ցածր էր 12 աստիճանով, քամին բարդացնում էր բիաթլոնիստների գործը, բայց կազմակերպիչները, ի վերջո, մրցումները անցկացրին, և պետք է ասել, որ շատ հետաքրքիր ու դրամատիկ պայքար ծավալվեց և՛ կանանց, և՛ տղամարդկանց մրցումներում:
Տղամարդկանց մրցումներին հետևում էի Նորվեգիայի հավաքականի մարզիչ Զիգֆրիդ Մազայի թիկունքում կանգնած: Ու ավելի քան մեկ ժամ տևած մրցումներում զգացի, թե որքան ծանր էր տանում իր սաների անհաջողությունը մարզիչը, որը նախկինում մարզել ու աշխարհին է տվել բիաթլոնի ներկայիս արքային՝ Մարտեն Ֆուրկադին: Նորվեգիայի թիմից ոչ ոքի չհաջողվեց հայտնվել պատվո պատվանդանին, իսկ Ֆուրկադն ութերորդը դուրս եկավ մրցուղի և, առաջին կրակահերթում մեկ անգամ վրիպելով, շատ արագ հետ բերեց կորցրածը` Սոչի-2014-ի օլիմպիական երկու ոսկե մեդալներին ավելացնելով ևս մեկը Փհենչհանից:
Ուշադիր հետևում էի, թե ինչպես է կրակահերթում իրեն պահում Ֆուրկադը: Հասկացա, որ շատ սառնասիրտ մարզիկ է կամ էլ օլիմպիական հանգստությամբ էր կատարում ամեն ինչ: Իսկ ֆրանսիացու արագությունը հայտնի է ամբողջ աշխարհին: Սպրինտում տղամարդկանց մրցումներում անակնկալ գրանցվեց, և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դարձավ շվեդ Սեբաստիան Սամուելսոնը, որ մինչ այս մրցումը ոչ մի անգամ պատվո պատվանդանին չէր կանգնել: Երրորդ մրցանակակիր դարձավ գերմանացի Բենեդիկտ Դոլը:
Իսկ ահա կանանց մրցումներում սպրինտում հաղթանակ տարած գերմանուհի Լաուրա Դալմայերն առաջինը մեկնարկեց ու առաջինն էլ հատեց վերջնագիծը` երկրորդ անգամ նվաճելով օլիմպիական ոսկին: Այս մրցաշրջանում աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում Դալմայերը չէր կարողանում կայուն արդյունքներ ցուցադրել, բայց Փհենչհանում նա առայժմ պարզապես անգերազանցելի է: Արծաթը բաժին հասավ Սլովակիան ներկայացնող Անաստասիա Կուզմինային, բրոնզե մեդալակիր դարձավ ֆրանսուհի Անաիս Բեսկոնը:
Հետևելով բիաթլոնի մրցումներին` հասկանալի դարձավ այս մարզաձևի ներկայացուցիչների համեմատությունը բիաթլոնի ու դահուկային սպորտի միջև: Իրոք, դահուկավազաքում մարզիկները մրցում են, իսկ բիաթլոնում` կռվում: Միգուցե սա գալիս է նրանից, որ բիաթլոնիստները կրակու՞մ են: Համենայնդեպս ցուրտ եղանակին հետևելով այս մրցումներին` իմ մոտ էլ մեծ ցանկություն առաջացավ վազել դահուկներով ու կրակել: Իսկ հաղթում է նա, ով արագ է վազում և դիպուկ կրակում: