Իշխող կուսակցությունում դեռ չգիտեն` Սերժ Սարգսյանը վարչապետ կլինի, թե ոչ

Հայաստանի հանրապետական կուսակցությունում հավաստիացնում են, որ մինչև հիմա չեն քննարկել վարչապետի թեկնածությունը և առայժմ ոչինչ չգիտեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության շատ անդամներ ցանկանում են տեսնել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, երկուշաբթի խորհրդարանական ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք հասկանում ենք, որ վարչապետ չեն նշանակում ինչ-որ մեկի խնդրանքով։ Բայց Սերժ Սարգսյանի դեպքում ՀՀԿ-ում իսկապես տրամադրված են առաջադրել նրա թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում», — ասաց պատգամավորը։

Բաղդասարյանի խոսքով` անձամբ Սարգսյանը չի հայտարարել վարչապետ դառնալու ցանկության մասին, և այդ հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի ընդունվել։ Բաղդասարյանը կոչ է արել չշտապել կանխատեսումների հարցում և սպասել ՀՀԿ Գործադիր մարմնի քննարկումների արդյունքներին։ Նա նաև չպատասխանեց այն հարցին, թե կիսում է արդյոք Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրելու «կուսակցության շատ անդամների ցանկությունը»։

Հիշեցնենք, որ ՀՀ նոր սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը։ Նախագահը պաշտոնավարում է 7 տարով` առանց վերընտրվելու իրավունքի։