Բազմոցները, գազօջախը, մահճակալը պապից ժառանգած զենք- զինամթերքի համար պահեստի էր վերածել

Վաղարշապատի 26-ամյա բնակիչ Նարեկ Խաչատրյանը տունը զենքի իսկական պահեստի էր վերածել։ Ոստիկանները նրա տան բազմոցների, գազօջախի միջից, մահճակալի ներքնակի տակից տարատեսակ զենք են հայտնաբերել և առգրավել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Փետրվարի 10-ին անձնական ունեցվածքի գողության փաստով հարուցված քրգործի շրջանակում ոստիկանության Վաղարապատի բաժնի, քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Գայ գյուղի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Խաչատրյանի տանը և նրան պատկանող օժանդակ շինություններում։

Խանդել է ու կրակել. Լիպեցկում դատել են հայ համայնքի ղեկավարի որդուն

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը` խուզարկության արդյունքում տան միջանցքի բազմոցից 1 փողանի որսորդական հրացան, 2 փաթեթ վառոդ են հայտնաբերել, իսկ գազօջախի դարակում` կարճացված փողով երկփողանի որսորդական հրացան։ Երիտասարդը հյուրասենյակում գտնվող բազմոցում տարբեր տեսակի և չափսերի 8 դանակ էր թաքցրել իսկ կռփազենքը հարմարավետ տեղավորել էր ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ։ Ամբողջ հայտնաբերված զենքն առգրավվել է։

Խաչատրյանը իրավապահներին հայտնել է, թե հայտնաբերված զենքը հանգուցյալ պապն է իրեն ժառանգել։ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն։ Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է։