Գեղասահորդուհի Մեդվեդևա-Բաբասյանը Փհենչհանում համաշխարհային ռեկորդ սահմանեց

Փհենչհանի օլիմպիական խաղերում ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան թիմային մրցումների կարճ ծրագրում հավաքած միավորներով նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Փհենչհանում անցկացվող օլիմպիական խաղերում ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան հաղթանակ տարավ թիմային մրցումների կարճ ծրագրում: Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբանը Օլիմպիադայից:

Կարճ ծրագրի համար այսօր Մեդվեդևան 81,06 միավոր է վաստակել: Նախորդ նվաճումը գեղասահորդուհին արձանագրել էր ապրիլին Տոկիոյում կայացած աշխարհի առաջնության ժամանակ՝ վաստակելով 80,85 միավոր:

Հայերի աչքերով. Փհենչհանն Օլիմպիադայի է պատրաստվում

Երկրորդ տեղը զբաղեցրել է իտալուհի Կարոլինա Կոստները, երրորդը` կանադուհի Քեյթլին Օսմոնդը:

Ձմեռային օլիմպիական մայրաքաղաք Փհենչհանում այսօր Հայաստանի ներկայացուցիչները ելույթներ չունեն, բայց կար մարզուհի, որի ելույթին հետևելը պարզապես հաճույք պատճառեց, չնայած նրան, որ մեր հայրենակցուհի Եվգենիա Մեդվեդևա(Բաբասյանը) ներկայացնում է Ռուսաստանը:Գեղասահքի մրցումներում Մեդվեդևան (Բաբասյանը) պարզապես ֆանտաստիկ ելույթ ունեցավ ու նոր ռեկորդ սահմանեց՝ կարճ ծրագրում վաստակած միավորների քանակով: Հենց այս գեղասահորդուհու շնորհիվ Ռուսաստանի հավաքականը պայքարում է մեդալների համար:

«Անկեղծ ասած, գեղասահքի մրցումներին առաջին անգամ էի հետևում ստադիոնից: Հավատացեք, դա լրիվ այլ է, քան հեռուստացույցով դիտելը: Մարզիկների ելույթների ժամանակ ստադիոնը կարծես քարանում է՝ երբեմն ծափահարելով այս կամ այն գեղեցիկ ցատկի կամ գործողության համար: Բարձր հնչող երաժշտությունն էլ կարծես ստիպում է միավորվել մարզիկին ու զգալ ամեն մի շարժում»,– ասում է մեր մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը:

Մեր թղթակցի հաղորդմամբ` Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումից հետո շատերը մտածում էին, որ Փհենչհանում այս երկրի մարզիկների նկատմամբ որոշակի չարություն կարող է զգացվել այլ երկների մարզիկների կամ երկրպագուների կողմից: Բայց նման բան չկա: Իսկ Եվգենիա Մեդվեդևայի ելույթից հետո ամբողջ ստադիոնը հիացմունքով ծափահարում էր Ռուսաստանի օլիմպիական աթլետին:

Կիսվելով իր զգացողություններով ու տպավորություններով` Խաչիկ Չախոյանը գրում է. «Ակամայից արդեն սկսում ես երկրպագել մի մարզուհու, որին չես ճանաչում, բայց որը հոգեբանական որոշակի ճնշվածության պայմաններում իր վարպետությունն է ցուցադրում՝ ի հեճուկս այն մարդկանց, որոնք որակազրկել են նրա թիմակիցներին օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու հնարավորությունից»:

«Գեղասահորդուհի Մեդվեդևան (Բաբասյան) կարող է օլիմպիադայի առաջատարը դառնալ». Ավերբուխ

Ելույթից հետո Մեդվեդևան(Բաբասյանը) լրագրողների հետ հանդիպման ժամանակ շատ վստահ նշեց, որ հպարտ է իր երկրով, հայրենիքով ու ընտանիքով: Իսկ հետո պարզվեց, որ թիմային պայքարի կանանց մենասահքի պարտադիր ծրագրի ժամանակ Մեդվեդևային (Բաբասյան) փոխարինելու է նրա թիմակից Ալինա Զագիտովան:

Այս փոփոխությունը թիմային որոշում է, փաստը մնում է այն, որ Մեդվեդևան (Բաբասյանը) իր գործը կատարեց ու հաճույք պատճառեց բոլորին: Նման ելույթով նրա երկրպագուների թիմը հաստատ ավելացավ: Համենայնդեպս՝ մեկը Հայաստանից:

Ռուս գեղասահորդուհիների ելույթից հետո կարճ ծրագրում Ռուսաստանի հավաքականը 31 միավոր ունի և զբաղեցնում է թիմային մրցումների երկրորդ տեղը: Առաջինը կանադացիներն են, որոնք 35 միավոր են հավաքել: Ուժեղագույն գեղասահորդների եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի թիմը (29 միավոր):

2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից 3 մարզիկ է մեկնել։ Դահուկավազք մարզաձևում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկային սպորտում` Աշոտ Կարապետյանը։

Sputnik Արմենիայի աշխատակիցները` սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանն ու ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցը, նույնպես մեկնել են Փհենչհան և անտեղից պարբերաբար տեղեկություններ են ուղարկում։ Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին: