Բոլիվիայում ծանոթությունների կայքով շտապ ընկերուհի են փնտրում 11-ամյա Ռոմեոյի համար

Ռոմեոն աշխարհի թերևս միակ միայնակ գորտն է։ Նրա ցեղատեսակին պատկանող գորտերն ապրում են 15 տարի, ուստի փնտրտուքի համար ժամանակը բավականին սուղ է, հարկավոր է հասցնել զուգավորել արդեն կյանքի 11-րդ տարին բոլորած կենդանուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Բոլիվիայի կենդանաբանները գորտի հավզադեպ ցեղատեսակի արական սեռի ներկայացուցչի համար շտապ զուգընկերուհի են փնտրում։ Այս մասին տեղեկացնում է իսպանական El Periodico պարբերականը։

11-ամյա Ռոմեոյի համար արդեն քանի տարի է` չեն կարողանում համապատասխան ցեղատեսակի Ջուլիետ գտնել։

Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքի բնագիտությունների պատմության թանգարանում այդ տարեց գորտն արդեն մի քանի տարի է իր սրտի տիրուհուն է սպասում` տարեց տարի ավելի ու ավելի հուսալքվելով։

Արտառոց դեպք Ղրղզստանում. փողոցով կենդանի գայլի էին քարշ տալիս

Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ թանգարանում դրամահավաք է կազմակերպվել, որպեսզի հարավային Անդերի անտառներում գիտնականները կարողանան Ռոմեոյի ցեղակիցներից գոնե մեկին գտնել`իգական սեռի ներկայացուցչի, այլապես նա կարող է վերջին մոհիկանը դառնալ, ինչպես գալապագոսյան հսկայական կրիան` Ջորջ անունով։ Կրիան սատկեց մենակության մեջ 2012 թվականին` 102 տարեկանում։

Գիտարշավին օգնելու համար Match ծանոթությունների կայքը Ռոմեոյի համար հատուկ էջ է բացել` սրտահույզ մակագրությամբ։

«Չեմ ցանկանում ձեզ բարձրագոչ արտահայտություններով ծանրաբեռնել, պարզապես ես իմ ցեղատեսակի վերջին հայտնի ներկայացուցիչն եմ։ Գիշերները մենակ եմ մնում։ Ինձ իմ ցեղատեսակի էգ գորտ է հարկավոր։ Եթե նա չգտնվի, արտասովոր ոչինչ չի լինի, պարզապես իմ ցեղատեսակը կվերանա»,- նշված է կայքում։