Ազգային ուրախ դիմակահանդես. Երևանում Բարեկենդանն են տոնել

Այսօր Երևանում ուրախ տոն էր, յուրատեսակ հայկական դիմակահանդես. քաղաքը նշում էր Բուն Բարեկենդանը։
Sputnik

Բազմաթիվ քաղաքացիներ` Սուրբ Սարգիս եկեղեցու քահանաների և թեմի երիտասարդների մասնակցությամբ, քայլերթով` ուրախ ազգային երգ ու պարով, տիկնիկներով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։ Իսկ այստեղ սկսվեց իրական տոնը։ Ավանդական խաղեր, ժողովրդական երգ ու պար, մրցումներ։

Բուն Բարեկենդանն ուրախ, ժողովրդական ծեսերով լի տոն է, որը նշում են Մեծ պահոց քառասունութօրյա շրջանին նախորդող կիրակի օրը: Այն ուղղակիորեն չի առնչվում աստվածաշնչյան որևէ դրվագի հետ: Առավելապես ժողովրդական տոնախմբության է, խրախճանքի, ազատության օր, որը, կարծես, հավատացյալ ժողովրդին հիշեցնում է դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը:

«Բարեկենդան» կամ «բարիկենդան» բառը բաղկացած է «բարի» և «կենդան», «կենդանի», «կենդանություն» բառերից։ Տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս մաղթում են բարի կենդանություն՝ ուրախություն և զվարճություն։