ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովն այս օրերին քննարկում է մի քանի օրինագծեր, որոնք այս կամ այն կերպ ուղղված են վարչապետի ինստիտուտի ուժեղացմանը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է«Ազգային անվտանգության կազմավորման և գործունեության մասին» և «Համաներման մասին» օրինագծերն։ Ընդդիմության կարծիքով՝ իշխանություններն ամբողջ քաղաքական համակարգը հարմարեցնում մի մարդու, և այդ մարդը նախագահ Սերժ Սարգսյանն է։
Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետը լրանում է այս տարվա ապրիլին, և թեև պետության ղեկավարն առայժմ խուսափում է իր քաղաքական ապագայի մասին խոսելուց, նրա համախոհներից շատերը չեն թաքցնում, որ նախագահը կշարունակի ղեկավարել երկիրը, բայց արդեն վարչապետի պաշտոնում։ Հանրապետական պատգամավորների սպասումներն անուղղակիորեն հաստատում են նաև օրինագծերը։ Մասնավորապես, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրինագիծը ենթադրում է, որ այսուհետ այդ կառույցը կղեկավարի վարչապետը, իսկ այժմ գործող Անվտանգության խորհուրդը նախագահին կից խորհրդատվական մարմին է։
Ապագա Անվտանգության խորհրդում կընդգրկվեն ուժային գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարը, միաժամանակ ո՛չ նախագահը, ո՛չ խորհրդարանի խոսնակը չեն ներառվի այդ կառույցի կազմում։ Այդ հանգամանքը մտահոգել է խորհրդարանական ընդդիմությանը, որը հայտարարել է «սուպերվարչապետի» ինստիտուտի ստեղծման և ապագա նախագահին շատ թե քիչ նշանակալի գործառույթներից զրկելու մասին։ Իշխանության փաստարկներն այն մասին, որ իշխանության աստիճանակարգի «վերակազմավորումը» համապատասխանում է սահմանադրության պահանջներին, ընդդիմադիր «Ելք» դաշինքին չեն բավարարում։
Այստեղ նշում են, որ նախագահական լիազորությունների զգալի կրճատումը վտանգավոր է պատերազմական վիճակում գտնվող երկրի համար։ «Մենք պատերազմող երկիր ենք, և վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է, բայց, Աստված չանի, հնարավոր է, վարչապետն այդ պատերազմի դաշտում զոհվի, բա ո՞վ է այդ խնդիրները հետո բերելու քննարկման, այդ ձեր ասած փոխվարչապե՞տը, ով տնտեսության կամ գյուղատնտեսության մասնագետ է», — բանավեճերի ընթացքում հայտարարել է «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե ինչու խորհրդարանի խոսնակը՝ ավելի լեգիտիմ պաշտոնը, քան վարչապետ, չի ընդգրկվում Անվտանգության խորհրդի կազմում, իսկ վարչապետը, որին ընտրել է նույն խորհրդարանը, գլխավորում է այդքան առանցքային կառույց։
Ընդդիմությունն այդ լույսի ներքո դիտարկում է «Համաներման մասին» օրենքը, ըստ որի` ապագա նախագահը համաներման մասին որոշում կընդունի բացառապես վարչապետի երաշխավորությամբ։
Սարգսյանի հետ համակարծիք է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Բոլոր սահմանադրական օրենքները, որոնք սահմանում են իշխանության թևերի դերն ու գործառույթները, կարվում են Սերժ Սարգսյանի հագով` վարչապետի պաշտոնում նրա բացարձակ իշխանությունն ապահովելու նպատակով: Իսկ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելու համար, պատգամավորի կարծիքով, որոշվել է որպես ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը», — ասել է պատգամավորը։
Միաժամանակ Սարգսյանն ու նրա թիմը մտավախություն ունեն, որ ապագա նախագահն ինչ-որ պահի կսկսի իրենց համար սպառնալիք ներկայացնել։ Փաշինյանի կարծիքով՝ իշխանությունները մտածում են, որ եթե «Իշտոյանին տեսած, տվյալ դեպքում` դա Մեծ Բրիտանիայի թագուհին է, Սարգսյանը պատրանք կունենա, թե ինքն իրոք նախագահ է, և, ելնելով դրանից, իրականում կցանկանա կառավարել երկիրը։ Այդ պատճառով էլ իշխանությունները հնարավոր բոլոր օրենքներով առավելագույնս սահմանափակում են նախագահի լիազորությունները։
Իշխող կուսակցությունն ընդդիմության փաստարկներին պատասխանում է, որ նոր սահմանադրությունը հստակ սահմանազատում է դնում իշխանության տարբեր ճյուղերի միջև, և ընդդիմության հայտարարությունները մերկապարանոց են։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ թեև ձևականորեն երկրի ղեկավարության գործողությունները ներառվում են նոր սահմանադրության տրամաբանության մեջ, այնուամենայնիվ դժվար է չհամաձայնել ընդդիմության փաստարկների հետ, որ այդ մտահղացումը նպատակ ունի ամրապնդել Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի` վերջին տարիների կադրային քաղաքականությունը թույլ է տալիս մտածել, որ խաղից դուրս են բերվում այն մարդիկ, որոնք պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում նրա համար։
«2016թ-ին ազդեցիկ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից, Կարեն Կարապետյանի նշանակումը, որն այդպես էլ դուրս չեկավ «մենեջերի» կաղապարներից, Արա Բաբլոյանին խորհրդարանի խոսնակ նշանակելը, որը շատ հեռու է քաղաքականությունից. այդ բոլոր նշանակումները մեկ շղթայի օղակ են։ Սարգսյանը չի հանդուրժում ուժեղ խաղացողներին։ Հիմա էլ նա որոշել է զերծ պահել իր վարչապետությունը հնարավոր ոտնձգություններից», — նշեց Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը փորձառու մարդ է, բազմաթիվ կապեր ունի։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ նման ծանրակշիռ բեքգրաունդով մարդը վաղ թե ուշ կարող է մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին։
Բադալյանը կարծում է, որ իշխանության համակարգում ներկա վերադասավորումները, ըստ էության, վերադարձ է լիարժեք նախագահական համակարգի` միայն այն տարբերությամբ, որ պետության ղեկավարն այսուհետ ոչ թե նախագահն է, այլ վարչապետը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2005թ-ին հրաժարվել է նախագահական համակարգից՝ ընդունելով նոր սահմանադրություն, որը ենթադրում է կառավարման կիսանախագահական մոդել։