Նայեք հայի աչքերին. ինչ կարող են սովորեցնել Սեդրակյանները բրիտանացի վարչապետին

Բոլոր են ուզում հանգիստ և վստահ լինել վաղվա օրվա հարցում, հայերը բացառություն չեն։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլյումյանը խորհում է, թե որքանով է մեզ մոտ արդիական միայնության խնդիրը, հատկապես տարեցների շրջանում։
Sputnik

Նայում ենք հայերի աչքերի մեջ և տեսնում ամեն ինչ։ Նայում ենք տարեցների աչքերի մեջ և ի՞նչ ենք տեսնում։

Ճակատագիր, պատմություն, հիշողություններ, իմաստություն, համբերատարություն, հուսահատություն, բարություն…

Հասկանալի է` ապագան չենք տեսնում, գուցե միայն շատ թե քիչ հնարավոր վաղվա օրն ենք տեսնում։ Գրեթե չենք տեսնում ներկան։ Սլաքը քարացել է անցյալում և ոչ մի կերպ չի հասնում ներկա։ Իսկ ինչ եղել է, արդեն անցել-գնացել է։

Մի՛ կրակեք ծնողների վրա․ նրանք չափազանց մոտ թիրախ են, դժվար կլինի վրիպել

Ծերունիները մահանում են ոչ թե հիվանդություններից, այլ նրանց սպանում է միայնությունը։ Երեխաները մեծացել են, նրանք իրենց կյանքն ունեն, թոռները՝ նույնպես, նրանք իրենց հետաքրքրություններն ունեն, իսկ ի՞նչ անեն տարեցները։ Մտորումները հանգեցնում են հիվանդությունների, հիվանդությունները՝ ավարտի` առանց հարազատների և մտերիմների գոյության անողոք տրամաբանություն։

ԶԼՄ-ների հաղորդագրություններից. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստեղծել է «մենության նախարարի» պաշտոնը։

«Չափազանց շատ մարդկանց համար մենությունը ժամանակակից կյանքի տխուր իրողությունն է։ Ես ուզում եմ պայքարել այդ խնդրի դեմ հանուն մեր հասարակության և մեզ համար, օգնել տարեց մարդկանց, խնամակալներին տանել միայնությունը, նրանց, ովքեր կորցրել են հարազատներին, նրանց, ովքեր զրուցակիցներ չունեն, որպեսզի նրանք պատմեն իրենց մտքերի և փորձի մասին», — ասել է Մեյը։

Լոնդոնի Դաունինգ սթրիթում արդեն ստեղծվում է կառավարական խումբ, որը պատասխանատու է միայնակ մարդկանց հետ կապված քաղաքականության համար։

Մոսկվայի Ցվետնոյ բուլվարում ապրում է բժիշկ-ատամնաբույժ Հայրո Նշանի Սեդրակյանը։ Նա վաղուց է տեղափոխվել Մոսկվա, ծնողներն առայժմ Երևանում են, բայց եթե դուք ուզում եք ծերունիների աչքերում վաղվա օրվա մեջ հանգստություն և վստահություն տեսնել, ապա այցելեք ավագ Սեդրակյաններին։

Պարզվում է, որ նույնիսկ ապրելով հեռավորության վրա` կարելի է զգալ որդու (դստեր) աջակցությունը, շփվել ոչ միայն սկայպով, ձմեռել մոսկովյան տաք բնակարանում (ինչպես ըստ Ցելսիուսի, այնպես էլ ըստ ջերմության), իսկ տարվա մնացած եղանակներին, պնդելով իրենը, վերադառնալ տուն և այդքան շատ կախված չլինել կենսաթոշակից։

Պիցցա` տատիկի համար (ծանուցումով)

— Ամեն դեպքում մյուս տարի անպայման կբերեմ ինձ մոտ, — ասում է ընկերս՝ Հայրոն։ —Ծնողներս արդեն մեծ են առանձին ապրելու համար։

Ավագ Սեդրակյաններին մենության նախարարություն պետք չէ, նախարարության փոխարեն նրանք որդի ունեն։ Լիովին բավական է։

Յուրաքանչյուր երկրում տարեցների միայնության դեմ յուրովի են պայքարում։ Օրինակ` Նյու Յորքում մեծահասակների համար մանկապարտեզ են բացել։

Նախատեսված է հանգստի ժամ, հետճաշիկ, կազմակերպվում են ծնողական ժողովներ, որոնց յուրաքանչյուր «երեխան» պետք է կանչի երկու մեծահասակի։ Ինչու՞։ Հաստատության հիմնադիրի խոսքով՝ մանկապարտեզը ստեղծել են նրա համար, որպեսզի մեծերը կարողանան «կարճ ժամանակով բաց թողնել իրենց «ներքին երեխային»»։

Ենթադրվում է, որ մանկապարտեզը կսովորեցնի նյույորքցիներին ավելի հեշտ վերաբերվել կյանքին, ավելի վստահ լինել սեփական ուժերի մեջ և ուղղակի լավ ժամանակ անցկացնել։ Իրականում ամսական 300-1000 դոլարի դիմաց փորձում են փոխարինել Հայրո Սեդրակյանին և նրա նման հազարավոր ուստրերին և դուստրերին։

Տատիկներն ու պապիկները, որոնք ոչ մեկին պետք չեն, որոնց ոչ ոք չի այցելում, նամակ չի գրում․ սա շատ լուրջ խնդիր է,- կարծում է ծերանոցներում ապրողների համար Բարեգործական հիմնադրամի անդամ Յուլիա Բրեդունը։ — Մարդը, հատկապես տարեց հասակում, պետք է իմանա, որ ինչ-որ մեկին պետք է, թեկուզ տարեկան մեկ անգամ։

Տարեկան մեկ անգամ. սա ոչ թե քիչ է, այլ վիրավորական քիչ է։ Ի՞նչ կարող է պատահել, եթե ընդամենը տարին մեկ անգամ։ Ինչ ասես։ Օրինակ։ Մագդա Նեյմանի «Հայերը» գրքից. «Կոստանդնուպոլիսի փողոցները վխտում են բոլոր ազգությունների աղքատներով, բայց նրանց շարքում միշտ բացակայել են հայերը, ինչպես այդ մասին վկայում են Արևելքի ճանապարհորդները»։

Բայց արդեն դարասկզբին Երևանի փողոցները լցված էին աղքատ ծերունիներով, որոնք տարբեր պատճառներով մնացել էին առանց խնամքի։ Այսօր արդեն նման բան չկա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է։ Ի՞նչ անել։ Սկզբի համար ամենապարզ բանը. տարեցների աչքերում տեսնել այն, ինչի մասին հիշեցնում էր սոցիալական գովազդը. «Զանգահարեք ծնողներին»։

Իսկ հիմա մեջբերում Բրոդսկուց. «Փորձեք բարի լինել ձեր ծնողների հանդեպ, փորձեք չըմբոստանալ նրանց դեմ, քանզի, ամենայն հավանականությամբ, նրանք ձեզնից շուտ կմահանան, այնպես որ դուք կարող եք ազատել ձեզ մեղքի այդ աղբյուրից ։ Ծնողները չափազանց մոտ թիրախ են։ Հեռավորությունն այնքան է, որ դուք չեք կարող վրիպել»։