Գայլերը բացել են գոմի դուռն ու հոշոտել ոչխարներին. կենդանիները հղի են եղել

Արագածոտնում գայլերը հոշոտել են ամբողջ հոտը։ Թե ինչպես են վայրի կենդանիները մտել գոմ, գյուղացիները չեն պատկերացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների հոտը։ Հոտի տերը վաղ առավոտյան գնացել է, որ գոմի դուռը բացի, տեսել է` ամբողջ հոտը կոտորած է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Իրինդի գյուղապետ Բարսեղ Հեբոյանը։

Գայլը, գառն ու 20 միլիոնը. ինչպես պայքարել գառ հոշոտող գայլի դեմ

Նրա խոսքով` հեռվից նկատել է գայլերին, մտածել է` շներ են, բայց երբ մոտեցել է, հասկացել է, որ գայլերի ոհմակ է, արագ հեռացել է։

«Չգիտեն, թե գայլերն ինչպես են կարողացել մտնել գոմ, ինչպես են բացել գոմի դուռը»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ անասնագոմը գյուղի ծայրին է, սարի տակ։ Գայլերը գյուղապետի կարծիքով, հենց սարից էլ իջել են ու մտել առաջին հանդիպած գոմը։

Միայնակ անկարող լինելով չեզոքացնել գայլերին` գյուղացին դիմել է գյուղապետին, գյուղապետն էլ` մարզպետարան։

Մարզպետարանից դեպքի մասին հայտնել են ԱԻՆ, և միայն դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբի ջանքերով է հաջողվել չեզոքացնել վայրի կենդանիներին։

Հեբոյանը տեղեկացրեց, որ գայլերը կոտորել են գոմում եղած 13 ոչխարներին ու 5 գառներին։

«Ոչխարներն էլ հղի էին, շուտով պիտի ծնեին։ Հիմա այդ խեղճ մարդիկ բոլոր մանր անասուններին կորցրին»,- ասաց նա Հեբոյանը։

Տուժած բազմանդամ ընտանիքը, գյուղապետի խոսքով` փոխհատուցման հույս ունի։ Բայց Հեբոյանը դժվարացավ միանշանակ ասել` կստանան, թե ոչ։