Ադրբեջանը խաթարում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել: Այս մասին, ըստ արտգործնախարարության մամուլի ծառայության, ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի համար ձախողում չէ՞, ի՞նչ է

Բրիջիթ Բրինքը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», — ասել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։