Հայերն ու հույներն ԱՄՆ–ին կոչ են անում հրաժարվել Անկարային F-35 առաքելուց

ԱՄՆ–ն չպետք է F-35 վաճառի այն պետությանը, որը կարող է հետագայում այդ կործանիչներն օգտագործել ամերիկյան զինվորականների կամ Վաշինգտոնի դաշնակիցների ու գործընկերների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ԱՄՆ-ի հայկական և հունական համայնքները կոչ են արել Վաշինգտոնին հրաժարվել Թուրքիային նորագույն F-35 կործանիչներ առաքելուց։ Այդ մասին ասվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հույների խորհրդի համատեղ հայտարարությունում։

Էրդողանին կարող է կանգնեցնել միայն իրական սպառնալիքը. Թուրքական ԶԼՄ–ների հիստերիան

Հայտարարության հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ը չպետք է F-35 վաճառի պետությանը, որը կարող է հետագայում այդ կործանիչներն օգտագործել ամերիկյան զինվորականների կամ տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների ու գործընկերների դեմ։ Դրանք են Հունաստանը, Կիպրոսը, Հայաստանը և Իսրայելը։

Հայկական և հունական համայնքները հորդորում են ամերիկյան քաղաքացիներին դիմել իրենց նահանգապետներին` խնդրելով հանդես գալ F-35-ի վաճառքի դեմ։

Ավելի վաղ Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել են, որ Թուրքիան առաջիկա տարիներին շուրջ 100 նորագույն կործանիչ կստանա։ Թուրքիայի ռազմաօդային ուժերն առաջին խմբաքանակը պետք է ստանային 2018թ-ին։

Միաժամանակ, ամերիկյան օրենսդիրները բազմիցս արդեն նախաձեռնություններ են առաջադրել Թուրքիային F-35 տրամադրելու պայմանագիրն արգելափակելու մասին։

Տարբեր ժամանակահատվածներում մի շարք պատճառներ են եղել, որոնցից ելնելով Վաշինգտոնում սպառնացել են խզել գործարքը (Ռեջեփ Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել էին խաղաղ ցուցարարներին, թուրքական ավիացիան հարվածներ էր հասցրել Իրաքի քրդերին, Անկարան ռուսական C-400 զենիթահրթիռային համալիր էր գնել)։ Թուրքիան, ի պատասխան այդ սպառնալիքների, հայտարարել է, որ մտադիր է անջատել ՆԱՏՕ-ի AN-TPY-2 ռադարը (գտնվում է թուրքական Մալաթիայում)։