Բազմազավակ հայրերը «հեղափոխություն» են պատրաստում. ի՞նչն են ուզում նրանք փոխել

Բազմազավակ հայրիկներն առաջարկում են հեղափոխական շտկումներ կատարել Հայաստանի «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծում։ Նրանք երաշխավորում են` փոփոխությունները դուր կգան ինչպես ժողովրդին, այնպես էլ պետությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը պետք է փոխվի, քանի որ գործող օրենքը շոշափելի արդյունքներ չի տվել, վստահ է յոթ երեխաների հայր Արմեն Մարկոսյանը։

«Օրենքը պետք է աջակցի բազմազավակ ընտանիքներին նախագծեր, բիզնես-ծրագրեր մշակելու և աշխատանքի տեղավորվելու հարցում։ Փորձը ցույց է տվել, որ նպաստ տալը ոչ մի լավ բանի չի հանգեցրել», — լրագրողների հետ զրույցում ասաց Մարկոսյանը։

Նրան սատարում են «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը և 14 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը։ Նրանք օրենքում փոփոխություններ են մշակել, որոնք արդեն առաջարկել և քննարկել են Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը։

Բազմազավակ ընտանիքները բուհերում և մանկապարտեզներում արտոնություններ կստանան

Շտկումների հեղինակները Հայաստանի համար հեղափոխական փոփոխություններ են առաջարկում. մասնավորապես, փուլ առ փուլ չեղյալ հայտարարել նպաստներ տալը, իսկ այդ գումարով օգնել բազմազավակ ընտանիքներին իրագործել բիզնես-նախագծեր։

«Շատ շահավետ առաջարկ է։ Ես մշակել եմ մի քանի բիզնես-նախագծեր, բայց փող չկա դրանք սկսելու համար, իսկ ես չեմ կարող կախվածության մեջ ընկնել բանկից։ Ինքներդ եք հասկանում` ես 14 երեխաների հայր եմ», — ասաց Մարտիկ Մելքոնյանը։

Հայաստանի օրենքով` բազմազավակ են համարվում այն ընտանիքները, որոնք ունեն 4 և ավելի երեխաներ, Հայաստանում կան նման 7400 ընտանիքներ։ Նրանցից նպաստ է ստանում 6300-ը։ 4 երեխաներով ընտանիքներին ամսական տրամադրվում է 50 հազար դրամ նպաստ։

Եթե շտկումները հաստատվեն, և այլևս նպաստ չտրամադրվի, ապա կառավարությունը կտնտեսի մոտ 3 միլիարդ 750 միլիոն դրամ։ Ակտիվիստներն առաջարկում են այդ գումարներն ուղղել բազմազավակ ընտանիքների բիզնես-նախագծերի զարգացմանը, որոնք, նրանց կարծիքով, ավելի շատ օգուտ կտան, քան նպաստները։