ՀՀ նախագահը կդադարի ներե՞լ. վարչապետի ուժը գնալով մեծանում է

Դատապարտյալներին ներում շնորհելը, Հանրային խորհրդի վերահսկողությունը, ԱԽ–ում անդամակցությունը. այս ամենը նախագահի ձեռքից կվերցնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները կրկին կրճատվում են։ Համապատասխան օրինագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։

Մասնավորապես, «Համաներման մասին» փոփոխությունների օրինագծի համաձայն` դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահից անցնում է վարչապետին։

Օրինագծին դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։ «Ծառուկյան» խմբակցւթյան քարտուղար Վահե Էնֆիաջյանի կարծիքով` նախագահի լիազորությունները կրճատվում են սահմանադրության անվան տակ, բայց անցնում են թույլատրելիի սահմանները։

Հայաստանի նախագահի «թևերը կկտրեն». վարչապետը կրկնակի հարուստ կլինի

Իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ վարչապետի պաշտոնը «ձևում» են Սերժ Սարգսյանի համար։

«Եվ ՀՀԿ-ն այլևս դա չի հերքում», — ավելացրեց Փաշինյանը։

«Հանրային խորհրդի մասին» օրինագծի համաձայն` խորհուրդը նույնպես կվերահսկի վարչապետը։

Վերջապես, «Ազգային անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագծի համաձայն` նախագահը (խորհրդի ներկայիս ղեկավարը) դուրս կգա դրա կազմից։ Ծառուկյանականները սատաեցին այս նախագիծը, իսկ «Ելքը» կրկին դեմ քվեարկեց։

Նշենք, որ ՀՀ նախագահն այժմ համակարգում է գործադիր իշխանության աշխատանքը և հետևում օրենսդիր և դատական իշխանությունների հետ հավասարակշռությանը։ Նոր սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանի իրավահաջորդը կկորցնի օրենսդրական, գործադիր և դատական իշխանությունների համակարգողի լիազորությունները։ Նա քաղաքական կերպարից կվերածվի սահմանադրության անկուսակցական երաշխավորի (թեև նրան կընտրեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները)։

Խորհրդարանական կառավարման համակարգի համաձայն` 2018 թվականից զգալի կընդլայնվեն օրենսդիր և գործադիր իշխանության իրավասությունները (կառավարություն և խորհրդարան)։ Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխման գործընթացը պետք է վերջնական ավարտվի 2018 թվականի ապրիլին` պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո։

Ապրիլի 9-16-ը խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո կառավարության ղեկավարին կընտրի խորհրդարանն ու կներկայացնի նախարարների կաբինետի մյուս անդամների` նախարարների և փոխվարչապետների, հաստատմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նոր սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը։ Նախագահը պաշտոնավարում է 7 տարով` առանց վերընտրության իրավունքի։