ԱՄՆ «Կրեմլյան ցուցակի» արդյունքը. Սամվել Կարապետյանին առանց տեխնոլոգիաների կթողնե՞ն

The Robbins Company-ին կարող է հրաժարվել շինարարության համար տեխնոլոգիաների մատակարարումից` վախենալով աշխատել «պատժամիջոցների տակ գտնվող» ռուսաստանցի հայազգի գործարար Սամվել Կարապետյանի հետ։ Այսպիսով, կասկածի տակ կարող է դրվել Հայաստանում Շնոխի ՀԷԿ–ի շինարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Այն փաստը, որ հայտնի ռուսաստանահայ գործարար Սամվեր Կարապետյանը ներառվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան զեկույցում» կարող է խոչընդոտել Հայաստանում Կարապետյանի իրականացնելիք էներգետիկ նախագծերի իրականացմանը։ Մասնավորապես` խոսքը Հայաստանում Դեբեդ գետի վրա Շնոխի ՀԷԿ–ի կառուցման մասին է։ Հիդրոկայանը պետք է կառուցի «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ն, որն ընդգրկված է ՍամվելԿարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ։

Հայերը «Կրեմլյան ցուցակում». Աշոտյանը հորդորում է ողբերգություն չսարքել

Փետրվարի 8–ի իր համարում «Ժամանակ» թերթը գրում է, որ շինարարությունը կարող է հարցականի տակ հայտնվել։ 2017 թվականի հոկտեմբերի 25–ին «Դեբեդ Հիդրոն» ու The Robbins Company–ին համաձայնագիր են կնքել, որը ենթադրում է, որ թունելների շինարարության մեծ փորձ ունեցող ամերիկյան ընկերությունը պետք է հորելու համար սարքավորումներ տրամադրի ու ապահովի դրա շահագործումը։

Սակայն, թերթի տվյալների համաձայն` The Robbins Company–ին կարող է հրաժարվել գործարքից` վախենալով «պատժամիջոցների տակ գտնվող» գործարարի հետ աշխատանքի հետևանքներից։ Թեև այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը» չի ենթադրում, որ այնտեղ ներառված մարդկանց դեմ ավտոմատ կերպով պետք է պատժամիջոցներ կիրառվեն, հետագայում ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կարող է օգտագործել այդ փաստաթուղթը անհատական սահմանափակիչ միջոցներ մտցնելու համար։

Մենք փորձեցինք այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

««Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի համապատասխան, ԱՄՆ Գանձարանը կամ նախարարությունը` աշխատելով ԱՄՆ պետական դեպարտամենտի ու ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն հետ, կոնգրեսին զեկույց է ներկայացրել ՌԴ բարձրաստիճան քաղաքական գործիչների, մեծահարուստների ու իշխող ռեժիմին մոտ սուբյեկտների մասին։ Թեև ներկայացված ծավալուն փաստաթուղթը պատժամիջոցային ցուցակ չէ, այնուամենայնիվ, ԱՄՆ ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ Գանձարանը հետագայում օգտագործելու է այդ զեկույցն անհատական պատժամիջոցներ մտցնելու համար», – հայտնեցին դեսպանատանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Լսի՛ր, վիրավորական է». Պուտինը «նեղվել է», որ չի հայտնվել ԱՄՆ «կրեմլյան ցուցակում»

Դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանությունը, ինչպես և կարելի էր ենթադրել, բավականին հեղհեղուկ էր։ Այն փաստացի ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մամուլում շրջանառվող լուրերը։

Մինչդեռ փորձագետները կարծում են, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չի խոչընդոտի ՀԷԿ–ի շինարարությանը։

«Նախ, պետք չէ «կրեմլյան ցուցակը» պատժամիջոցների հետ խառնել։ Այն հիշատակված անձանց նկատմամբ ոչ մի սահմանափակում չի ենթադրում։ Սահմանափակումները կիրառվում են միայն այն ընկերությունների ու առանձին գործարարների դեմ, որոնց նկատմամբ ավելի վաղ պատժամիջոցներ են կիրառվել», – Sputnik Արմենիային ասաց էներգետիկայի ոլորտում փորձագետ Վահե Դավթյանը: Նրա խոսքով` Սամվել Կարապետյանի համար ոչ մի վտանգ չկա։

Վաշինգտոնն անցավ միլիարդատեր հայերին. «կրեմլյան ցուցակը» ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա

Նրա խոսքով` Тhe Robbins Company–ն, անկասկած, թունելների կառուցման ոլորտում ամենանորարար ընկերություններից է։ Սակայն դժվար Սամվել Կարապետյանի նոր «քաղաքական կարգավիճակով» պայմանավորված գործարքի չեղարկումը Շնոխի ՀԷԿ–ի նախագծի փակմանը հանգեցնի։ «Տաշիրը» առավելագույնս ժամանակացույցից մի փոքր կշեղվի։ Սակայն կարծում եմ` սա էլ բավականին վատատեսական սցենար է, քանի որ Robbins–ն իրեն ներկայացնում է որպես միջազգային, այլ ոչ թե ամերիկյան ընկերություն. այն ամբողջ աշխարհով ոչ միայն ներկայացուցչություններ, այլ նաև մասնաճյուղեր ունի», – ընդգծեց մեր զրուցակիցը։

Խոսքը մի ընկերության մասին է, որը հավակնում է լինել միջազգային` դրա բոլոր հետևանքներով հանդերձ։

Հիշեցնենք, որ ՀԷԿ–ի կառուցման նախագիծը գնահատվում է 150-190 միլիոն դոլար։ Կայանի հզորությունը կազմելու է 76–ից 124 ՄՎտ, արտադրությունը` տարեկան մոտ 500 միլիոն կՎտ։ Նախնական տվյալների համաձայն` շինարարությունը կսկսվի 2018 թվականի վերջին ու կտևի 4–5 տարի։